
Ինչպես հայտնի է՝ Իրանի Իսլամական Հանրապետության 9-րդ նախագահը ռեֆորմիստ Մասուդ Փզեշքյանն է։ Արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում նա հավաքել է ձայների մոտավորապես 53,6%-ը։
Եվ հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը՝ Հայաստանում ընտրությունները չէին կարող մեծ ուշադրության չարժանանալ․ սակայն հայ հանրությունը ավելի շատ սևեռված էր նորընտիր նախագահի էթնիկ ծագման վրա, ինչը օբյեկտիվորեն արդարացված է՝ նրա հայրը ադրբեջանցի է, մայրը՝ քուրդ։
Իրանագետ Էմմա Բեգիջանյանի խոսքով՝ Իրանի ադրբեջանցիները նախևառաջ պարզապես թուրքախոս են, այսինքն՝ ծագումով իրանցի են, ինչպես նաև երկրի առաջին ռազմաքաղաքական դեմքը, հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, նույնպես ադրբեջանական ծագումով է։
«Պարզապես նորընտիր նախագահը, երբ դեռ պատգամավոր էր՝ ադրբեջանամետ ելույթներ է ունեցել․ նա համաթուրքական հակումներ ունի, քաղաքականությունը չի փոխվի։ Մենք եթե ունենանք լավ դիվանագիտություն՝ դա իր թույլ կողմն է մեր նկատմամբ։ Եվ հետո նա քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ կատարելու է հոգևոր առաջնորդի նպատակները, ցանկությունները ու այն հնգամյա ծրագիրը, որ ներկայացրել է։ Մի բան է, երբ նա պատգամավոր էր ու ներկայացնում էր ադրբեջանական փոքրամասնությանը, իսկ երկրի արտաքին քաղաքականությունը նա չի որոշում․ դա անում է Խամենեին և նաև երկրի արտգործնախարարը։ Մենք կարող ենք այնուամենայնիվ նրա ադրբեջանամետ նախկին ելույթները շահարկել, սակայն երկրի նախագահը չի կարող դեմ գնալ պետության շահերին», - ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ զարգացումներ կլինեն Արևմուտքի հետ հարաբերություններում, քանի որ Փզեշքյանը խոստացել է վերջ դնել Իրանի «մեկուսացմանը» եւ կարեւորել է Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումը, իրանագետը պատասխանեց․ «Դա կարող է տեղի ունենալ առաջնորդի թույլտվությամբ, բայց միակ բանը, որ այս ամբողջ քարոզարշավի ընթացքում հստակ արտահայտվել է նորընտիր նախագահը՝ դա Իրանին արտաքին քաղաքական մեկուսացումից դուրս բերելն է և Արևմուտքի հետ բանակցելու նպատակը, ու հազիվ թե առանց Խամենեիի իմացության՝ բացահայտ հայտարարեր։ Արևմուտքի հետ եթե հարաբերությունները կարգավորվեն՝ դա մեզ համար դրական ազդեցություն կունենա»։
Խոսելով արևմտյան արձագանքներից, իրանագետը նշեց, որ ԱՄՆ-ում հայտարարել են, թե «հազիվ թե մեծ փոփոխություններ լինեն» և ընտրությունները որակել են ոչ ազատ և ոչ էլ թափանցիկ, իսկ Թրամփը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում համաձայնության կգա․ «Ի դեպ ասեմ, որ մահացած արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը Օմանում բանակցությունների մեջ էր ԱՄՆ-ի հետ և նույնիսկ կային լուրեր, որ մոտ են համաձայնության եւ նույնիսկ ոմանք կարծում են, որ ինքնաթիռի վթարի գլխավոր նպատակը նրա մահն էր »։
Բեգիջանյանը հավելեց, որ Փեզեշքիանը միակ թեկնածուն էր, որ հստակ հայտարարել է՝ չի կարելի ուժ գործադրել հիջաբ կրելու համար, ու կարծիք հայտնեց, որ օրենքի հետ կապված կլինեն մեղմացումներ։
Բեգիջանյանը հավելեց, որ Փզեշքյանը միակ թեկնածուն էր, որ հստակ հայտարարել է՝ չի կարելի ուժ գործադրել հիջաբ կրելու համար, ու կարծիք հայտնեց, որ օրենքի հետ կապված կլինեն մեղմացումներ։
Գեղամ Ադյան