Օսկարակիր դերասան Քևին Սփեյսին, որի կերտած կերպարները չեն կրկնում մեկը մյուսին, իրեն բախտավոր, անգամ օրհնված մարդ է համարում, քանի որ հնարավորություն է ունեցել իր կյանքն անցկացնել թատրոնում և կինոյում՝ պատմություններ պատմելով։ Ասում է՝ երբ նայում է իր ֆիլմերից առանձնացված դրվագները, հիշում է իր դերերը, խաղընկերներին, որոնց հետ աշխատել է, որոնց բարձր է գնահատում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սփեյսին, որ «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է, հուլիսի 9-ին Կինոյի տանը հանդիպեց իր արվեստի հարյուրավոր երկրպագուների հետ։

Նա ասաց՝ հրաշալի է բեմ բարձրանալ ու նման բազմամարդ լսարան տեսնել։ «Սա հուզիչ է ինձ համար ու կարևոր»,-ասաց արտիստը։

Սփեյսին կարծում է՝ կարևոր չէ դու թատրոնի դերասան ես, թե կինոյի, կարևորը՝ լավ խաղն է։ «Կապ չունի պրոֆեսիոնալ բեմում ես, թե դպրոցական թատերախմբում, պետք է պարզապես խաղալ։ Ֆիլմում, իհարկե, շատ գումար է հնարավոր վաստակել, սակայն լավ դերասանը լավ դերասան է ամենուր, իսկ վատ դերասանը վատն է։ Եթե կարծում եք, որ կարող եք տեսախցիկի առաջ լինել, կամ բեմում, ժամանակի ընթացքում կգնաք դեպի դա»,-հավաստիացրեց նա։

Դերասանը երբեմն հանդիպում է մարդկանց, որ պնդում են, թե տեսել են իր բոլոր ֆիլմերը։ Նա պատասխանում է, որ դա անհնար է։ «Ամերիկացի դերասան Ջեք Լեմոնին Ամերիկյան ինստիտուտը նվաճումների համար մի մրցանակ է տալիս։ Երեկոյան, երբ նշում էինք իրադարձությունը, հիշում նրա դերակատարումները, նա ասաց, որ պրոդյուսերին հարցրել է, թե մրցանակը հանձնելուց առաջ քանի ֆիլմից է ցուցադրվելու, պրոդյուսերը պատասխանել է՝ 33։ Ջեքը նշել է, որ ախր ինքը 73 ֆիլմում է խաղացել։ Պրոդյուսերն էլ ընդգծել է՝ եթե բոլոր ֆիլմերը ցույց տային, դահլիճում ներկաների մեծ մասը կլքեր հանդիսությունը»,-պատմեց Սփեյսին և հավելեց՝ և՛ ինքը, և՛ այլ դերասաններ վատ դերեր խաղացել են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

669