Դատական համակարգում մենք ընդհանուր առմամբ լուրջ խնդիրներ ունենք ձգձգումների, նիստերի նշանակման մասով, բայց դատավորները շատ դեպքերում ունեն գործիքակազմ, որ կարող են կանխել դատական նիստերի ձգձգումը։ Այս մասին Araratnews-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեւորգ Դավթյանը՝ անդրադառնալով ԲԴԽ որոշմանը, որով դադարեցվեցին դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները, որը ըստ ԲԴԽ-ի՝ նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործով օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալուն և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարացնելուն, ինչով իսկ խաթարել է քրեական արդարադատության շահը, նպատակը և բուն էությունը:

«Դատավորը իրավասու է նաև մերժել փաստաբանների միջնորդությունները կամ եթե փաստաբանը անհարգելի չի ներկայանում՝ կա գործիքակազմ, որը կարող է կիրառել և շատ դեպքերում դատավորները հիմնականում խուսափում են, և դատական նիստերը ձգձգվում են․ հիմա կոնկրետ այս դեպքում նույն բանն է․ Այն ինչ դատավորը կարող է շատ հանգիստ այդ խնդիրները լուծելու համար իր լիազորությունները օգտագործել, որովհետև ինքը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից ու արդարադատության շահերի տեսակետից՝ հետևաբար ամենակարևոր իրավական ասպեկտը դա արդարադատության շահն է, որը հիմնվում է նաև ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքի վրա, որովհետև այստեղ կան տուժողներ ու եթե չեմ սխալվում՝ դեռ այն ժամանակ Սեդա Սաֆարյանը, որը ներկայացնում էր տուժողների շահերը, քանի անգամ հայտարարության թե միջնորդության տեսքով նշել էր, որ չպետք է գործը ձգձգվի ու ամեն ինչ թույլ տրվի, որովհետև դրանով պայմանավորված՝ նաև տուժողների իրավունքներն է խախտվում»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ վաղեմության ժամկետում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերդիկտ չի իրականացվել և նրա արդար լսված լինելու իրավունքը խախտվել է՝ թեև փաստացի դա նրանց ձեռնտու էր ու պատիժ չկրեցին։

Դավթյանը նշեց, որ երբ «Մարտի 1»-ի գործով Քոչարյանին և մյուսներին մեղադրանք էր առաջադրվել 300․1 հոդվածով, որը ճանաչվեց հակասահմանադրական՝ դա ի սկզբանե էլ խնդրահարույց էր ու ՍԴ-ն տեղին որոշում էր կայացրել, որովհետև հոդվածը կարծես թե տեսական լիներ և չկար որոշակիություն, և նրա խոսքով՝ դատախազությունը կարող էր այլ հոդվածով մեղադրանք առաջադրել։

Անդրադառնալով Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ՍԴ դիմումին, որի հիմքը 1998-ին ընդունված, այժմ՝ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը, զրուցակիցն ասաց․ «Այո, օրենքը այդ առումով խնդիր ունի, այսինքն՝ եթե ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում՝ գործը պետք է վերաբացվի այլ հոդվածի շրջանակներում, այն, ինչը ենթադրվում է, որ պետք է արվեր ի սկզբանե»։

Փաստաբանը կարծում է, որ եթե ՍԴ-ն բավարարեց Վճռաբեկ դատարանի դիմումը՝ ստացվում է, որ պետք է գործը վերաբացվի արդեն այլ հոդվածի շրջանակներում, այն, ինչ պետք է արվեր ի սկզբանե, բայց այդտեղ հարց կարող է ծագել հոդվածի հետ կապված, քանի որ կարող է կրկին վաղեմության հարց առաջանալ։

Նա նշեց, որ Քրեական օրենսգրքում կան հոդվածներ, որոնց նկատմամբ վաղեմություն չի կիրառվում․ «Եթե չեմ սխալվում՝ օրինակ պետական դավաճանության հետ կապված․ այսինքն՝ եթե մի պահ պատկերացնենք այս գործի մեղադրանքի կողմը գտնի, որ կա համպատասխանաբար իմ ասած հոդվածներով գործ, այսինքն՝ արարքը վերաորակվի, այդ դեպքում վաղեմության ժամկետ չի կիրառվում, բայց դա ես ընդհանուր եմ ասում, թե իրավապահ մարմինները ինչպես այդ գործիքակազմը կօգտագործեն՝ չեմ կարող ասել, բայց նորից կրկնեմ՝ այն հոդվածը, որով «Մարտի 1»-ի գործը ի սկզբանե հարուցված էր՝ անգամ հրապարակային նայելով տեսնում էի, որ այդ հոդվածը իսկապես խնդրահարույց հոդված է ու բնականաբար փաստաբանները օգտվելու էին դրանից»։
 

1339