Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանում նոր ներկայացուցիչ ունի։ Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտային՝ հույս հայտնելով, որ նրա փորձառությամբ գրասենյակը կաշխատի առավել համակարգված, և կառույցի հետ համագործակցությունը նոր փուլ կմտնի։

«Հայաստանի առողջապահական համակարգը փոխակերպումների փուլում է։ ԱՀԿ-ն և մյուս գործընկերները լուրջ դեր ունեն իրենց փորձագիտական, կազմակերպչական աջակցությամբ նպաստելու բարեփոխումներին։ Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ մեր համատեղ օրակարգի բոլոր կետերը ստանան լուծումներ»,-նշել է Ավանեսյանը։

Սիդարթա Դատտան ընդգծել է, որ ԱՀԿ առաքելությունն է աջակցելու առողջապահության ոլորտում երկրի օրակարգին։ Որպես համագործակցության ռազմավարական ուղղություն՝ նա առանձնացրել է առողջության առաջնային պահպանման օղակի, որակի բարեփոխումները և դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում աջակցությունը։

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն պատրաստ է նաև հավաքագրելու ռեսուրսները և աջակցելու Հայաստանին հոգեկան առողջության պահպանման ոլորտի կարիքները լուծելու հարցում։

Քննարկել են առաջիկա անելիքները և հանդիպումները, ձեռք են բերվել համագործակցության խթանմանը միտված պայմանավորվածություններ։

618