ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, տեղակալ Ոսկան Եղիազարյանը և Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Գևորգ Սեդրակյանն այցելել են «Տնտեսական լրագրողների ակումբի» կողմից մարզի Մեղրաձոր բնակավայրում կառուցվող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի շինհրապարակ։ Կառույցի մեկնարկը տրվել է մարտ ամսին` Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Փրկարար ծառայության տնօրենը տեղում հետևել է շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան ցուցումներ: Նա կարևորել է հրշեջ-փրկարարական հենակետերի գործունեության արդյունավետությունը, ինչի շնորհիվ կրճատվում է արձագանքման ժամանակը, նվազում են մարդկային կորուստները։
Նշենք, որ ծրագրի իրականացումը համահունչ է կառավարության որդեգրած՝ Հայաստանում կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդման ռազմավարությանը։ Դրա նպատակն է կրճատել հրդեհների և արտակարգ դեպքերի արձագանքման ժամանակահատվածը, ինչպես նաև նվազեցնել պետությանն ու բնակչությանը հասցվող նյութական կորուստները։
Հենակետի ստեղծման նպատակով փրկարար ծառայությունն աջակցում է կամավորների հավաքագրման գործընթացին, մշակվել է կամավորների սկզբնական մասնագիտական պատրաստության ծրագիր, կամավորների մասնակցությամբ կազմակերպվում են ուսումնավարժություններ, իրականացվում որակավորման գործընթաց։ Անհրաժեշտ տեխնիկան՝ տրանսպորտայինից մինչև հատուկ միջոցներ, կտրամադրի փրկարար ծառայությունը։ Իսկ Ծաղկաձոր խոշորացված համայնքը կհոգա հենակետի կահավորման, կամավորների համար անհատական պաշտպանության գույք և այլ միջոցների ձեռքբերման հարցը։
Փաստենք, որ «Տնտեսական լրագրողների ակումբի» նախաձեռնությունն էականորեն կհեշտացնի Ծաղկաձոր համայնքում անվտանգային ենթակառուցվածքի ստեղծման գործը և Ճապոնական դրամաշնորհի շնորհիվ ֆինանսավորման հարցը չի ծանրանա համայնքային բյուջեի վրա։