ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանում ստեղծված իրավիճակում իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի նիստում, արձագանքելով ընդդիմության կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ կոչերին: 

 

«Ես բոլորիս հանդարտության, զգոնության և սթափության կոչ եմ անում: Մեր բոլորի գերխնդիրն այսօր պետք է լինի կայունացումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարությունը, որը ստորագրվել է երեք պետությունների կողմից, հայտարարություն է պատերազմի դադարի մասին: Մենք հիմա շատ փխրուն վիճակում ենք ու բոլորով պետք է լուծումներ գտնենք: Մանդատ ունենալը, մանդատ պահելը շատ բարդ է, որովհետև մենք մեր ժողովրդի մի մասնիկն ենք ու ծանր ապրումներ ունենք ինքներս մեր գրանցած անհաջողությունից»,- ասաց Մակունցը:

 

Նա ստեղծված իրավիճակում չբացառեց նաև քաղաքական փոփոխությունները:

 

«Բայց որոնք են դրանք, ինչն ենք ուզում փոխել: Որպես իշխանություն ունենք մեր մեղքն ու պատասխանատվության բաժինը 2,5 տարվա համար: Նման կրքեր բորբոքելով այս փուլում, երբ մեր պաշտոնյաները վարում են շատ կարևոր բանակցություններ, կարևոր գործընթացներ են տեղի ունենում Արցախի հետ կապված, որևէ կերպ չենք դրսևորում մեր հայրենասիրությունն ու պետականամետության դիրքորոշումը»,- նշեց Լիլիթ Մակունցը:

355