Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը, քանի որ պատերազմից տուժած տարածաշրջանում լարվածությունը մեծանում է: Այս մասին գրում է Politico-ն, որի փոխանցմամբ՝ իր հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ Միշելը նամակ է գրել երկու կողմերին:
Politico-ի հետ զրույցում դիվանագետները հաստատել են, որ Բելգիայի նախկին վարչապետը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ այս ամսվա սկզբին Միացյալ Թագավորությունում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:
Նա կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ և «ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագիրը»՝ առաջընթաց գրանցելով չլուծված հարցերի շուրջ, որոնցից է սահմանազատումը:
Այնուամենայնիվ, Բրյուսելում հիասթափությունն աճում է ամիսների ձգձգումներից և դիվանագիտական փակուղուց հետո: Չնայած Միշելի հետ հանդիպումներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չկարողացան Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում միասին բանակցելու հնարավորություն գտնել, ընդ որում երկու կողմերն էլ մատնացույց էին անում միմյանց՝ որպես դեմ հանդես եկող երկիր:
«Վերջիվերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն խաղերը և կնքեն գործարքը, քանի որ նախագահ Միշելն արել է ԵՄ-ի կողմից հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության պայմանագրին հասնելու համար»,- ասել է Միշելին մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը: