Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության «Խիմիկի» հատուկ ստորաբաժանման զինծառայողները հարձակվել են Սիրիայում ռուսական բազայի վրա։
Այս մասին հայտնում է KyivPost-ը, որը ներկայացրել է այս գործողության բացառիկ լուսանկարներն ու տեսանյութերը։
Նշվում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչություն հատուկ նշանակության ջոկատի թիրախը եղել է ռուսական զինտեխնիկան, որը տեղակայված է Հալեպի արեւելքում գտնվող «Կուվեյրես» օդանավակայանում։ Ռուսներն այն գրավել էին դեռ 2015թ.-ին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության զինվորները նախ ոչնչացնում ռուսական ռադիոէլեկտրոնային միջոցները, այնուհետև անօդաչու սարքերով հարձակվում են հենց օդանավակայանում գտնվող ռուսական ռազմական թիրախների վրա:
Հաղորդվում է, որ հարվածը հասցվել է հուլիսի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպման հաջորդ օրը։