Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը, որը Ռուսաստանում դատապարտվել էր լրտեսության մեղադրանքով, ազատ է արձակվել Արևմուտքի հետ մեծ բանտարկյալների փոխանակման շրջանակում: Դրա մասին Bloomberg-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրներ։

Ըստ աղբյուրների՝ միաժամանակ ազատ է արձակվել 2020 թվականին լրտեսության համար դատապարտված ԱՄՆ նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանը։ Ե՛վ Գերշկովիչը, և՛ Ուիլանը դատապարտվել էին 16 տարվա ազատազրկման. առաջինը մեղադրվում էր «Ուրալվագոնզավոդի» գործունեության մասին տեղեկություններ հավաքելու մեջ, իսկ երկրորդը մեղադրվում էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության կուրսանտների մասին տեղեկություն կորզելու փորձի մեջ։

Երկուսն էլ այս պահին Ռուսաստանից հեռանալու ճանապարհին են։ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները իրենց հերթին փոխանակման համար կազատեն բանտարկյալներին և կուղարկեն Ռուսաստան, հաստատել են Bloomberg-ի աղբյուրները։

Ըստ Mash-ի՝ Կալինինգրադում անցկացվել է Արևմուտքի հետ գերիների փոխանակման առաջին փուլը, որը խոստանում է ամենախոշորը լինել Սառը պատերազմից ի վեր։ Սլովենիայում լրտեսության մեղադրանքով մեկ տարի 7 ամիս ազատազրկման դատապարտված Արտյոմ և Աննա Դուլցևները արտահանձնվել են Ռուսաստանին։

Իր հետախույզների և գործակալների դիմաց Ռուսաստանը կարող է 20-30 ռուս քաղբանտարկյալների և լրագրողների արտահանձնել Արևմուտքին, նախօրեին The Moscow Times-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Փոխանակման հավանական մասնակիցներն են Ալեքսեյ Նավալնիի Հակակոռուպցիոն հիմնադրամին (ФБК) առնչվող մարդիկ, ԱՄՆ քաղաքացիներ, մի խումբ ռուսաստանցիներ, որոնք դատապարտվել են ռազմական կեղծիքների համար, ինչպես նաև հայտնի ընդդիմադիրներ՝ Վլադիմիր Կարա-Մուրզան և Իլյա Յաշինը:

472