Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետությունը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով` գետեր,  լճեր,  ջրամբարներ և ունի տարածաշրջանում ամենամեծ քաղցրահամ ջրավազանը` Սևանա լիճը։ Հայաստանի մակերևութային ջրերի հոսքը 7  միլիարդ խ/մ- ից ավելի է։ Ջրային ռեսուրսները կենսական նշանակություն ունեն երկրի համար, քանի որ  խմելու և կենցաղային նպատակներով օգտագործվելուց բացի, Հայաստանում  մշակաբույսերի մոտ 80%-ի համար ոռոգում է պահանջվում: Երկրի ջրային համակարգերի կառավարումը հիմնականում իրականացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն։ 

Ջրային կոմիտեի՝ միջազգային համագործակցությունն ուղղված է զարգացման ներդրումային ծրագրերին, համակարգերի արդիականացմանն ու վերազինմանը, ինստիտուցիոնալ ներուժի հզորացմանը։ Ծրագրերից մեկը, մասնավորապես,«Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն»  է, որի իրականացման  համար 40մլն դոլար է հատկացրել Կայունացման  և զարգացման եվրասիական հիմնադրամը։ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կազմել է 10 մլն դոլար, ծրագիրն իրականացրել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։  Արդյունքում  զգալի նվազել են ոռոգման ջրի կորուստները, որոնք որոշ տարածքներում հասնում էին 90%-ի։ Այսօր արդեն ոռոգման հնարավորություն է ստեղծվել լրացուցիչ 13 հազար հեկտար հողատարածքների համար։ Ծրագրի իրականացման շնորհիվ վերականգնվել են մայր և  երկրորդ կարգի ջրանցքների՝ 137 կմ և  ներտնտեսային ջրանցքների 280 կմ հատվածներ։ Դրական արդյունքն իրենց վրա զգացել են գյուղական բնակավայրերի 170 հազար բնակիչներ։

ejc.am

 

264