Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵԱՀԿ դիտորդները սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկած ձայների հաշվման ժամանակ արձանագրել են «ընթացակարգերի կիրառման անհամապատասխանություն»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Դիտմիր Բուշաթին։

«Կան լուրջ անհամապատասխանություններ կարևոր ընթացակարգերի կիրառման և կատարման, մասնավորապես ձայների հաշվման հարցում»,- ասել է նա։

ԵԱՀԿ դիտորդների համակարգող Մայքլ Քրիդն իր հերթին ասել է, որ նախընտրական քարոզարշավը և քվեարկությունը կազմակերպվել են հստակ և արդյունավետ, սակայն ընտրողներին իրական քաղաքական այլընտրանք չի առաջարկվել, և ընտրություններն անցել են «քաղաքական և իրավական սահմանափակումների պայմաններում»։

Միևնույն ժամանակ, դիտորդները մասնավորապես նշել են, որ, իրենց կարծիքով, վերջին ընտրություններում կանանց ներգրավվածության աճ է գրանցվել՝ սա համարելով դրական միտում։

354