Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում առևանգված 55-ամյա կնոջը Տավուշի մարզի Նոյեմբերյան–Ազատամուտ ճանապարհին գտնվող շինությունում պահել են մահճակալին ձեռնաշղթայված վիճակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրելէր, որ 2 դիմակավորված անձինք, ներկայանալով ԱԱԾ աշխատակից, սեպտեմբերի 4-ին Երևանի լողավազաններից մեկից առևանգել են մի կնոջ` նստեցնելով «BMW» մակնիշի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ կինը հայտնաբերվել է Տավուշի մարզի գյուղերից մեկում, իսկ նրան առևանգած 3 կասկածյալները` «Զվարթնոց» օդանավակայանում։
«ԱԱԾ աշխատակից ներկայացած 2 անձինք 55-ամյա կնոջը Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանի մոտից ստիպողաբար նստեցրել են իրենց մեքենան և տեղափոխել Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող եկեղեցուն կից շինություն, որտեղ հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Մ․–ն (Արտյոմ Մուրադյան. խմբ), փախուստը կանխելու նպատակով հսկողություն է իրականացրել մահճակալին ձեռնաշղթայված վիճակում պահվող կնոջ նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Պարզվել է, որ հանցագործները նախապատրաստվել են դեռ հունիսից։ Կազմակերպիչ Վ․Ի․–ն (Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Իսրայելյան) հանցավոր կազմակերպության անդամներին տեղեկություններ է տրամադրել կնոջ և վերջինիս ընտանիքի անդամների, ֆինանսական դրության, տեղաշարժի և գտնվելու վայրերի վերաբերյալ:
«Հանցավոր խմբի անդամները Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մտերիմից խնդրել են տրամադրել կրիպտոդրամապանակի հաշվեհամար՝ գործարարի կնոջը առևանգելուց հետո պահանջված գումարը նշված հաշվեհամարին փոխանցելու նպատակով։ Նրանք մեկնել են Տավուշի մարզ, ուսումնասիրել շինությունը, որտեղ պետք է պահեին առևանգված անձին»,– ասված է հաղորդագրությունում։
Հանցավոր կազմակերպության մասնակից Ա.Պ.–ն (Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա Արկադի Պապյան) այցելել է առևանգված կնոջը, որտեղ նրան սնունդ ու անհրաժեշտ պարագաներ է տրամադրել։
Այս պահին կալանավորված են հանցավոր խմբի անդամներից 4-ը։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր խմբի՝ ինքնությունը պարզված ևս մեկ անդամին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Երևանում առևանգված 55-ամյա կնոջ ամուսնուց 4 մլն դոլար փրկագին են պահանջել, որը պետք է փոխանցվեր կրիպտոարժույթի միջոցով։
Կայքի տեղեկություններով՝ հանցագործներն առևանգված կնոջ ամուսնուց սկզբից պահանջել էին 4 մլն ԱՄՆ դոլար փրկագին, հետո բանակցությունների արդյունքում այն դարձել էր 2 մլն դոլար, իսկ երբ ամուսինն ԱՄՆ-ից վերադարձել էր Հայաստան, փրկագինը դարձել էր 800 հազար դոլար։