Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Մենք պետք է դադարենք Հայաստանն ընկալել որպես ֆորպոստ։

Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանն ինքնիշխան պետություն է, որի միակ ֆունկցիան պետք է լինի իր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելը։ Բարեկեցության մեջ մտնում են ազատությունը, արդարությունը, ժողովրդավարությունը։ Քաղաքացիների երջանկությունը ևս պետք է որպես քաղաքական նպատակ ձևակերպվի։ Բայց ասում են՝ ո՞նց եք երջանկացնելու ընտանիքներին։ Երջանկացնելու մասին չի խոսքը, այլ երջանկությունը հնարավոր դարձնելու, ամեն մեկն ինքը թող որոշի՝ ինչպես է երջանիկ»,- նշել է նա։

Ըստ վարչապետի՝ օրինակ՝ արվեստագետը երջանիկ է, երբ ունի լսարան, իսկ Հայաստանում արվեստագետները մեծ մասամբ երջանիկ չեն, որովհետև լսարանը շատ սահմանափակ է։ Նաև հոգևոր կյանքը, ըստ նրա, մեզ մոտ կրկին սխալ ընկալում ունի՝ միայն կրոնական իմաստով, մինչդեռ մշակութային կյանքն էլ հոգևոր կյանքի անբաժան մասն է։

«Ֆորպոստում երջանկությունը նպատակ չէ, մաքառումն է նպատակ։ Ես նաև ուզում եմ, որ Հայաստանը կարեկցանքի օբյեկտ լինելու կարգավիճակից դուրս գա։ Օրինակ՝ արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ «պոկրիշկա» ուղարկվեն։ Հայաստանի կառավարությունն ի վիճակի է իր պատասխանատվության ներքո գտնվող հիմնարկների համար ինչ-որ մինիմում ապահովել: Այսինքն՝ Հայաստան կիսամաշ բաներ ուղարկելու, դրանք ամիսներով լուսաբանելու ընկալումից պետք է դուրս գալ: Ես կոնֆլիկտ ունեմ Հայաստանի այդ ընկալման հետ»,- շեշտել է վարչապետը:

678