Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը սեպտեմբերի 18-ին այցելել է Արտաշատ համայնք՝ ծանոթանալու սպորտային ենթակառուցվածքների աշխատանքներին:
Նախարարի տեղակալը համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ եղել է Արտաշատի քաղաքային մարզադաշտում, որտեղ նա ծանոթացել է առկա պայմաններին և ոլորտային պատասխանատուների հետ քննարկել ընթացիկ և առաջիկայում նախատեսվող բարեկարգման ու շինարարարական աշխատանքները:
Համայնքում թեթև աթլետիկայի ենթակառուցվածքների բարելավման և 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի խաղերին պատշաճ պատրաստվելու նպատակով նախատեսվում է ձեռք բերել մարզադաշտի հարակից հողատարածքը՝ հետագայում մարզադաշտն աթլետիկական անհրաժեշտ ենթակառուցվածքներով համալրելու համար: Նախարարի տեղակալը նաև ծանոթացել է Արտաշատի մանկապատանեկան մարզադպրոցի տարածքում նախատեսված լողավազանի կառուցման նախագծին, արել դիտարկումներ և առաջարկություններ այն սպորտային չափորոշիչներին համապատասխան կառուցելու վերաբերյալ:
Հաջորդիվ Կարեն Գիլոյանն այցելել է Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց, համայնքի ղեկավարի և մարզադպրոցի տնօրեն Ռաֆիկ Գոլեցյանի հետ քննարկել հիմնանորոգման աշխատանքները: Այստեղ նախատեսված են ըմբշամարտի և բասկետբոլի դահլիճների հիմնանորոգման աշխատանքներ, ինչը կնպաստի այս մարզաձևերի զարգացմանը մեր համայնքում: