Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Էլեկտրաէներգիայի հիմնական անջատումները, որոնք եղել են հուլիս-օգոստոս ամիսներին, պայմանավորված էին Միջազգային էներգետիկ կորպորացիայի «Երևան ՀԷԿ»-ում հուլիսի սկզբներին տեղի ունեցած մեծ հրդեհով: 80 տարի շահագործվող թունելներ ունենք, և այդ թունելներով անցնում են բոլոր էլեկտրահաղորդման գծերը՝ Փոքր Կենտրոնի մի մասը և Արաբկիրի մի մասը սնուցող: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ էներգետին ոլորտին առնչվող խնդիրների քննարկման ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե վերջին շրջանում էլեկտրաէներգիայի հաճախակի խափանումներն ունե՞ն քաղաքական պատճառներ:

«Այդ վթարը բավականին մեծ է եղել, նույնիսկ անդրադարձել է որոշակիորեն «Երևան ՀԷԿ»-ի սարքավորումների վրա: Վթարի վերացումը տևել է մինչև օգոստոսի 17-ը (եթե չեմ սխալվում): Որոշակի խնդիր են ունեցել: Այնտեղ շատ մեծ տրամագծի կաբելներ են եղել, որոնք համապատասխան պաշտպանիչ շերտ ունեն, որը Հայաստանում չի արտադրվում, և ներմուծման որոշակի խնդիր են ունեցել, դրա համար որոշակիորեն ժամանակը ձգվել է»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:  

ՀԾԿՀ նախագահը համաձայնեց՝ երևույթը «վատն էր», գրեթե հովհարային անջատումների էին անցել, բայց նաև հավելեց, որ ժամանակին՝ 2019-2020 թթ., ՏԿԵՆ-ի հետ ծրագիր էին իրականացրել, և առնվազն երկու հատվածներում սնուցում էր ապահովվել, որն իր դրական արդյունքն է տվել վթարի շրջանում:

«Եթե այդ մասշտաբի վթար ունենայինք, կարող է հուլիսից մինչև օգոստոսի կես այդ բաժանորդներն ընդհանրապես էլեկտրաէներգիա չունենային, եթե այդ միջոցառումն այդ տարիներին արված չլիներ, որովհետև այդ վթարից հետո բոլոր այդ ուղղությունները դրվեցին ռեզերվային գծերի վրա, և, բնականաբար, ռեզերվային գծերը շոգի պայմաններում չէին դիմանում, և պարբերաբար վթարներ էին [լինում]:

Այսօր եթե որևէ վթար է տեղի ունենում ռեզերվային գծում կամ հիմնական գծում, անմիջապես փոփոխություն է տեղի ունենում, և բաժանորդը չի էլ իմանում այդ մասին»,- պարզաբանեց Բաղրամյանը:

309