Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միջազգայնագետ, Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը տագնապալի է համարում Լիբանանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շահան Գանտահարյանն այդ տագնապները պայմանավորեց նաև թեժացած ռազմական գործողությունների տարածաշրջանային ընդլայնման մտավախությամբ։

«Այդ ռազմական գործողությունները պրոքսի ձևաչափից արդեն անցել են միմյանց տարածքների վրա ուղիղ հարձակումների․ ես նկատի ունեմ Իրանի կողմից Իսրայելի ռազմական օբյեկտների հրթիռակոծումը։ Իսրայելն էլ խոսեց իրանյան կողմին պատասխանելու, իսկ Թեհրանը նախազգուշացրեց հակադարձելու մասին»,-պարզաբանեց Գանտահարյանը։

Անդրադառնալով Լիբանանի հարավում թեժացած մարտական գործողություններին՝ միջազգայնագետը նշեց, որ նախորդ օրերին էլ Իսրայելն օդային մարտերին զուգահեռ Լիբանանի հարավային հատվածում նաև ցամաքային ռազմագործողություններ էր վարել։ 

«Այսօր վաղ առավոտից վերսկսվեցին իսրայելյան օդային հարձակումները Բեյրութի հարավային արվարձաններում և երկրի հարավում ու հարակից տարբեր շրջաններում։ Մյուս կողմից՝ ուղիղ հրթիռակոծումների շղթան դեռևս պարզ չէ, թե ինչ վերջաբան է ունենալու, իսկ Լիբանանի դեպքում ցամաքային ներխուժման առաջադրանքն է դրված, որովհետև Իսրայելը նպատակ ունի վերականգնել իր հյուսիսային հատվածի անվտանգությունը։ Դա նշանակում է այնտեղից տեղահանվածների վերադարձ և որպես այս բոլոր գործողությունների հետևանք, Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին հորդորել է լքել իրենց բնակավայրերը, որովհետև հարվածելու են Հեզբոլլահի ռազմական օբյեկտներին»,-ներկայացրեց միջազգայնագետը՝հավելելով, որ Հեզբոլլահը շարունակում է  դիմադրությունը։ 

Նա ընդգծեց, որ մինչ այս պահը պարզ չէ՝ իսրայելական զինված ուժերը ներթափանցե՞լ են Լիբանանի տարածք, թե՞ ոչ, քանի որ դա ժխտել են ինչպես  Հեզբոլլահը, այնպես էլ UNIFIL-ը (Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր)։ «Հայտարարվեց, որ ցամաքային ներխուժում չի իրականացվել, բայց սահմանային բախումները բուռն կերպով շարունակվում են։ Բեյրութում իրավիճակը շարունակում է նույնը մնալ՝ փախստականներ, անորոշ, սպասողական իրավիճակ․ պարզ է, որ հրադադարը դեռևս տեսանելի չէ, որովհետև Իսրայելը երկու նախապայման է դրել՝ Հեզբոլլահի ուժերի հետքաշում մինչև Լիտանի գետի հյուսիսային հատված, ինչպես նաև շարժման զինաթափում»,-ասաց Գանտահարյանը՝ նկատելով, որ

միջազգային տարբեր կենտրոններ և ԱՄՆ-ն հայտարարում են Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքի ու այդ համատեքստում տեղային բնույթ կրող ցամաքային ներխուժման արդարացված լինելու մասին։

«Իսրայելը նպատակադրում էր նաև անվտանգության բուֆերային գոտու ձևավորում ու դրանով էին բացատրվում ցամաքային հարձակումները։ Համենայնդեպս, Հեզբոլլահը հայտարարել է, որ չի փոխում վարքագիծը իր գլխավոր քարտուղարի սպանությունից հետո և, փաստորեն, հարավում դիմադրում են, ու մարտերը շարունակվում են»,-ավելացրեց մեր զրուցակիցը։

Նրա տեղեկատվությամբ՝ ռազմագործողությունների ընդգրկման հատվածներում հայաբնակ վայրեր չկան, բայց հայկական կուսակցությունները խորհրդակցական նիստեր են անցկացնում՝ տարածաշրջանային ու լիբանանյան վերջին իրադարձությունները քննարկելու և հնարավոր սցենարների ընդհանուր ֆոնին համակարգված աշխատելու համար։ 

 

242