Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Ստամբուլում մասնակցել է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին, որտեղ հանդես է եկել ելույթով․

«Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում նոր, հուսալի և կենսունակ հաղորդակցության ուղիների ստեղծումը, ինչպես նաև նախկինում գործած տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումն ու ապահով գործարկումն առաջնային կարևորություն է ձեռք բերել աշխարհի բոլոր պետությունների համար, քանի որ զարգացած ենթակառուցվածքների առկայությունն և տարածքային համաչափ զարգացումը բոլոր երկրների կայուն զարգացման և դրանցում ապրող մարդկանց բարեկեցության ապահովման կարևորագույն գործոններից են:

Տարածաշրջանի բոլոր պետությունների միջև տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, կապուղիների զարգացումն ու փոխկապակցվածության մակարդակի բարձրացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Առաջնորդվելով Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու մղումով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, ստեղծել նորերը, առանց որևէ խտրականության ապահովել Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը:

Մեր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է, որ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն և գործեն երկրի ինքնիշխանության, իրավազորության ներքո՝ հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա»։

324