
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում 24-ամյա Գարիկ Ս-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 181.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 80 մետր շրջվելով՝ հայտնվել գետում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com , վթարի հետևանքով վարորդ Գարիկ Ս-ն և ուղևոր՝ 33-ամյա Ժաննա Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ 24-ամյա Ալիկ Ս-ն տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության հրշեջ-փրկարարական խմբերը:
Փրկարարները ձորից դուրս են բերել վարորդի դին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Նարեկ Վարդազարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարարության Սիսիանի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Արես Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավոր վարորդը երկվորյակ եղբայրներ են, իսկ կինն էլ նրանց քույրն է։