
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի պատվիրակ Լեոյի «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։
Առաջին ալիքը հրապարակել է կադրեր նկարահանման հրապարակից:
Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը նշել է.
«Լեոն խարիզմատիկ արտիստ է, որի հետ շատ զգույշ եմ աշխատում, որպեսզի չկորցնենք նրա բնատուր խարիզման: Երգի թեմատիկային համապատասխան՝ տեսահոլովակը հագեցած է բազմերանգ տեսարաններով, պարային և դինամիկ շեշտադրումներով։ Օգտագործել ենք ֆուտուրիստական դեկոր, որը մեզ մտովի կտանի տիեզերք:
Երգն ու տեսահոլովակն ունեն հաղթական էներգիա, որն ուղղել ենք տիեզերք, որպեսզի այն Լեոյի՝ յուրահատուկ բեմադրությամբ ուղեկցվող ելույթի ժամանակ հետ վերադառնա Մադրիդի բեմ»։
«Cosmic Friend» երգում մեր պատվիրակը պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով, որը հասկանում են թե՛ մեր մոլորակում, թե՛ ողջ տիեզերքում:
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրով: