Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Սերը միակ բանն է, որ ապրում է,
երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է»:
Նկարիչ – արձանագործ Երվանդ Քոչարի (1899-1979)
ստեղծագործությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի
ամենահետաքրքիր երևույթներից է: 1923-1936թթ. Քոչարն ապրել և
ստեղծագործել է Փարիզում, ցուցադրվել Պիկասոյի, Լեժեի, Պիկաբիայի, Արպի, Դե
Կիրիկոյի, Մատիսի, Միրոյի և այլոց հետ՝ արժանանալով ժամանակի նշանավոր
արվեստի քննադատների գնահատանքին ու դասվել այն մեծերի շարքում, որոնց
արվեստով պայմանավորվեց 1920-30-ականների եվրոպական ավանգարդն ու
համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը:
Փարիզում Քոչարը ստեղծեց պլաստիկ - գեղանկարչական նոր՝ կինետիկ
արտահայտչաձև՝ Տարածական նկարչությունը («Peinture dans l'espace»), որը
ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ և արվեստի խոշորագույն
տեսաբանների կարծիքով Ավանգարդ արվեստի մեծագույն նվաճումներից է։
«Արտ – Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը
Ֆրանսիական «Սաթէ – Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային
ընկերության, «Երվանդ Քոչար» թանգարանի և «Հայաստանի Ազգային
պատկերասրահ» - ի հետ ներկայացնում է՝
«ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա – պերֆորմանսը ։
Ներկայացվող բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո
պրոյեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ Քոչարի պատկերային ու
տարածական մտածողությունը։
Սա ֆրանսիացի նշանավոր պարուսույց Մուրադ Մերզուկիի և ռեժիսոր Սաթէ
Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է։ Առաջինը Սերգեյ Փարաջանովի
100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումն էր, որը
ցուցադրվել է Երևանում 2024 թվականի մարտին։
Պարուսույց՝ Մուրադ Մերզուկի
Գաղափարի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ՝ Սաթէ Խաչատրյան
Ինստալացիայի հեղինակ՝ Աշոտ Մարաբյան
Երաժշտության հեղինակ՝ Հող Արթուն
Վիդեո – մափինգ՝ Արտյոմ Բաղդասարյան
Հագուստների ձևավորում՝ Էդգար Մանուկյան, Կարեն Դոլուխանյան
Պարուհիներ՝ Շառլոտ Գարբան, Ալիզե Բրյուլ, Աննա Քալաշյան
Երգչուհի՝ Լիլիթ Խաչատրյան
Նախագիծն իրականացվում է ՀՀ Կառավարության, Երևանի
քաղաքապետարանի, ԿԳՄՍ նախարարության, «Իմ Քայլը» հիմնադրամի,
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ֆրանսիական ինստիտուտի,
ինչպես նաև ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության նախարարության
աջակցությամբ։