Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը։
Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Երվանդ Մանարյանի արձանի տեղադրումն իրականացվել է նրա ծննդյան 100-ամյակի միջոցառումների շրջանակում:
«Արձանները մի կողմից կոչված են ընդգծելու մարդու ներկայությունը, բայց շատ հաճախ լինում են դեպքեր, երբ դրանք մարդուն հեռացնում են իրականությունից: Կարծում եմ, որ այս արձանը տարբերվում է, որովհետև այն փոքր-ինչ խաղարկային է, և այդ իմաստով կարծես Տիկնիկային թատրոնի դիմաց ունենք ներկայացումն արձանից սկսելու կամ այստեղ շարունակելու հնարավորություն: Սա թերևս ամենակարևոր միջոցներից մեկն է, որ մենք կարող ենք պատշաճ անդրադառնալ Երվանդ Մանարյանին և ընդգծել այն կարևոր նշանակությունը, որ նա ունեցել է արվեստի զարգացման և հատկապես տիկնիկային արվեստի զարգացման գործում:
Այդ իմաստով նաև հրաշալի միջավայր ենք ստացել․ մի փոքր այն կողմ Գեղագիտության ազգային կենտրոնն է, որտեղ երեխաները հնարավորություն ունեն զբաղվելու արվեստի տարբեր ուղղություններով, այնուհետև այս միջավայրը շարունակվում է Տիկնիկային թատրոնով և ամփոփվում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանով: Այսինքն՝ այն ձևավորում է մի հրաշալի միջավայր, որտեղ մեր երեխաներն առաջին հերթին էմոցիոնալ, մտավոր, ստեղծագործական զարգացման հնարավորություն ունեն: Վստահ եմ, որ արձանի ներկայությունը միայն ամրապնդելու է այս միջավայրը և էլ ավելի մեծ թվով այցելուներ է բերելու թատրոն: Ուրախ եմ, որ Տիկնիկային թատրոնը մեր երկրորդ հաստատությունն է, որ աշխատում է ֆինանսավորման նոր մոդելով, որի շնորհիվ արդեն ունի հանդիսատեսի 25 տոկոսի աճ և վարձատրության համակարգի բարելավում: Վստահ եմ, որ սա դեռ միայն սկիզբն է, և այս նախաձեռնություններով նաև հետագա աշխատանքների զարգացում ենք ապահովելու»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և շնորհավորել բոլորին կարևոր իրադարձության կապակցությամբ: