Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) սկսել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը Հայաստանի բոլոր մարզերում։ Ծրագրին կարող են դիմել զորակոչի ենթակա տղաներն ու այն երիտասարդ կանայք, որոնք ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են միանալ ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերին՝ կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։ Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ 6 և 12-ամսյա անվճար դասընթացին կմասնակցեն թեստավորման և հարցազրույցի փուլերը հաղթահարած դիմորդները։

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը։ Առցանց քննության և հարցազրույցի փուլերը հաղթահարած բոլոր դիմորդները կսկսեն ուսուցումը 2021 թվականի հունվարին: Դիմումներն ընդունվում են հիմնադրամի կայքի միջոցով՚ https://www.fast.foundation/en/application-form/626: Հարցերի դեպքում գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 60 74 00 44 հեռախոսահամարով:

Նշենք, որ FAST հիմնադրամը և ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։ Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինվորները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն: Ստորաբաժանմանը օժանդակելու նպատակով FAST-ը կազմակերպում և անցկացնում է նախապատրաստական դասընթացներ, որոնք բոլոր մարզերի ապագա զորակոչիկներին հնարավորություն են ընձեռում խորությամբ ուսումնասիրել և յուրացնել տվյալագիտության և արհեստական բանականության ուղղությունները՝ մեծ ուշադրություն դարձնելով բարձրագույն մաթեմատիկայի և ծրագրավորման համապատասխան բաժիններին: Այսպիսով, վեցամսյա դասընթացն ամբողջովին անվճար կրթական և մասնագիտական հնարավորություն է, և մասնակիցները հնարավորինս պատրաստված են «1991 ստորաբաժանման» ընդունելության քննությանը։ Դասընթացները պարբերական են և մեկնարկում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։ Իրենց գիտելիքները ծառայության ընթացքում ի գործ դնելուց հետո՝ մասնակիցները կարող են մասնագիտանալ տեխնոլոգիական ոլորտում և շարունակել իրենց ներդրումն ունենալ գիտական առաջընթացի մեջ:

«1991 ստորաբաժանման» առաջին դասընթացն ունեցել է 400 դիմորդ, 46 մասնակից, երկրորդ դասընթացը՝ 480 դիմորդ, 65 մասնակից:

122