Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես արդեն նշել ենք, Մարկո Ռուբիոն  կարող է նշանակվել Դոնալդ Թրամփի նոր վարչակազմում ԱՄՆ պետքարտուղար։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ նշելով, որ Թրամփն ըստ երևույթին համաձայնվել է Ռուբիոյին նշանակել այս պաշտոնին: 

Դեռ 2016 թվականին Թրամփը և Ռուբիոն եղել են հակառակորդներ՝ 2016 թվականի հանրապետականների փրայմերիզներում, երբ Թրամփը Ռուբիոյին անվանել էր «Փոքրիկ Մարկո», իսկ Ռուբիոն նախագահական բանավեճում ակնարկներ էր արել Թրամփի տղամարդկության մասին: Չնայած այդ ամենին՝ նրանք կարգավորել են իրենց հարաբերությունները, և Ռուբիոն այս տարի քարոզարշավ է անցկացրել նախկին նախագահի հետ:

53-ամյա Ռուբիոն՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամն ու Սենատի հետախուզության հանձնաժողովի գլխավոր հանրապետականը, «չինական բազեն» է, որն ունի մեծ արտաքին քաղաքականության փորձ: Ռուբիոն եղել է Չինաստանի նկատմամբ Վաշինգտոնի ավելի ագրեսիվ  քաղաքականության կողմնակից սենատորներից։

Մարկո Ռուբիոն, որը 2011 թվականից Միացյալ Նահանգների ավագ սենատոր է Ֆլորիդայից, հայտնի է նաև իր հայամետ քաղաքականությամբ։ Բազմից հանդես է եկել Արցախում հայերի հանդեպ Ադրբեջանի իրակացրած ագրեսայի դեմ՝ կոչ անելով ԱՄՆ-ին կանխել այդ ամենը։

Նա այն երեք սենատորներից է՝ Պադիլլայի և Մենենդեսի հետ, որ 2023 թ-ին երկկուսակցական բանաձև ներկայացրեցին, որը դատապարտում է Ադրբեջանի կառավարությանը Լաչինի միջանցքի շրջափակման համար և կոչ անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել շարունակվող հումանիտար ճգնաժամին վերջ տալու համար:

Նա հանդես էր եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Արցախի վրա Ադրբեջանի անհիմն և չարդարացված ռազմական հարձակումը՝ «հակաահաբեկչական գործողություն» ղեկավարելու կեղծ պատրվակով և խախտելով հրադադարի վերաբերյալ իր պարտավորությունները։

Նա կոչ էր արել Բայդենի վարչակազմին և միջազգային դաշնակիցներին խստորեն դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և պահանջել խաղաղ լուծում, որը վերջ կդնի մարդու իրավունքների այդ խախտումներին։ «Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր տեսակի աջակցությունը Ադրբեջանին, ինչպես պահանջում է Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը»,- նշված էր նրա հայտարարության մեջ։ 

Նա շեշտել էր, որ ԱՄՆ հարկատուների գումարները չպետք է ուղղվեն Ադրբեջանին՝ մի երկրի, որն անկայունություն բերեց տարածաշրջանում: 

 

 

 

401