Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հարցազրույցով և կից գրել.

 

Այս շարքը շարունակելի է լինելու:

 

 

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի տեքստը.

 

Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մեզ արդեն հարազատ դարձած մարտական դիրքերից մեկում ենք: Դիրքապահներից թեյի հրավեր ենք ստացել, վառարանի կողքին նստած համոզում ենք պատմել, թե ինչպես են կասեցրել հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը: Տղերքն իրար են նայում, լռում, հետո մեկն ասում է.
-Տղե՛րք, Ուստյանին կանչեք, թող գա իրա հերոսությունը ինքն էլ պատմի:
Կանչում են իրենց մարտական ընկերոջը՝ սերժանտ Հմայակ Ուստյանին, ով դասակի հրամանատարի՝ ավագ լեյտենանտ Արտյոմ Եղոյանի զոհվելուց հետո, վաշտի հրամանատարի ցուցումով գերազանց վարել է մարտը, որից հետո իրենց դիրքում դիվերսանտների միայն դիակներն են մնացել:
Հմայակը գալիս, նստում է կողքիս, աչքերը կկոցում ու փորձում վերհիշել կատարվածը.
-Սեպտեմբերի 28-ին ենք եկել այս դիրք: Ամսի 29-ին, ժամը մոտավոր 3-ին 10 պակաս, հակառակորդի հրետանին սկսել է այս դիրքի վրա աշխատել: Ես ու դասակիս հրամանատար Արտյոմ Եղոյանը խրամաբջջում կանգնած էինք: Տասը րոպե անց հրետանու աշխատանքը դադարեց,-բոլոր մանրուքները ներկայացնելով պատմում է զինվորն ու հիշում ավագ լեյտենանտի անխուճապ խոսքերը՝ գալիս են…
Սերժանտը տխրությամբ է պատմում, որ այդ ասելուց հետո Եղոյանը դուրս է եկել խրամաբջջից ու տեսել, որ մի քանի դիվերսանտ արդեն խրամատում են: Միանգամից ПК-ով կրակ է վարել, դիրքի անձնակազմին արագ հրահանգավորել է, մի քանիսին աջ կողմ ուղարկել, ու երբ փորձել է ինքը ներքև գնալ՝ դիպուկահարի կրակոցից զոհվել է:
Դասակի հրամանատարի զոհվելուց հետո Հմայակը ևս դուրս է եկել խրամաբջջից, վաշտի հրամանատարին հարցրել, թե ինչ է պետք անել ու հրահանգ է ստացել վարել մարտը, մինչև մյուս դասակի հրամանատարը կհասնի:
-Մյուս դասակի հրամանատարը՝ ավագ լեյտենանտ Տիգրան Միկոյանը, Եղոյանի ընկերն էր: Կողքի դիրքից գալիս, իմացել է, որ ընկերոջը խփել են, առաջ է եկել, այդտեղ իրեն էլ են խփել,-պատմում է Ուստյանն ու կիսամութ տարածությունում նկատում եմ, ինչպես է աչքերը տարուբերում, որ ներսում եղած ցավը չխանգարի խոսել:
Հերոսը կարողանում է իրեն կառավարել ու շարունակում է.
-Դրանից հետո ես եմ հրաման տվել, թե ով ինչ անի, ուր գնա, ուր կրակեն, որ կողմի վրա աշխատեն մինչև մեզ օգնություն կհասներ: Երբ մեր հրետանին սկսեց աշխատել, հակառակորդը զոհեր տալով փախավ: Դրանից հետո այս դիրքի վրա էլ հարձակում չի եղել: Ցավոք երեք զոհ ու ութ վիրավոր ենք ունեցել, որից հինգը խրամաբջջում են եղել ու իրենց վրա գցած գրանատից են վիրավորվել:
Երբ վիրավորների վիճակից եմ հարցնում, ժպիտ է հայտնվում զինվորի աչքերում, ասում է տղերքը լավ են, կազդուրվում են:
Ուզում եմ էլ չտխրեցնել, հարցնում եմ ինչպե՞ս է կողմնորոշվել, թե երբ ինչ պետք է «հրամայի», ասում է՝ դժվար էր հրամանատարությունն իր վրա վերցնելը, բայց երբ մտածել է, որ պետք է դիրքը ամեն գնով պահել, պարտավորված է զգացել.
-Այդ ժամանակ ավելի մեծ խնդիր է դրվում քո առաջ, որը պարտավոր ես անել ու անելը հերոսություն է: Այդ զգալով շատ հանգիստ եմ ամեն ինչ արել: Հիմա ուղղակի կյանքին մի փոքր ուրիշ ձևով եմ նայում:
Զինվորն ընտանիքին իր հերոսությունը չի պատմել, բայց ասում է իմացել են:
Պատմությունն ավարտում է, դուրս ենք գալիս, որ լուսանկարեմ, քայլում ենք խրամատով, ուղեկցում է ու ամեն քայլափոխին ցույց տալիս հակառակորդի թողած հետքերը՝ իրերի տեսքով: Հետո մի ձյունածածկ թումբ է ցույց տալիս.
-Դիվերսանտների դիակներն են. այս կողմում երեքն են, մյուս կողմում յոթը:
Լռում ենք, քմծիծաղ տալիս ու վերադառնում վառարանի մոտ:

Իննա Թումանյան 

5652