
Ի՞նչ է արձանագրել ԱԱՏՄ ստուգայցը «Թեղուտ» ՓԲԸ-ում
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում։
ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խումբը լայնածավալ ստուգայց է իրականացրել «Թեղուտ» ՓԲԸ-ի հանքավայրում և դրա վարչական ու գրասենյակային տարածքներում։
Ստուգայցի արդյունքներով տնտեսավարողի մոտ արձանագրվել է Covid-անվտանգության նորմերի պահպանման բարվոք պատկեր։ Մասնավորապես, աշխատակիցներն ապահովված են եղել պաշտպանիչ դիմակներով, ախտահանիչ նյութերով, տարածքում առկա են եղել օգտագործված թափոնների համար անհրաժեշտ ոտնակով աղբամաններ, ճշգրիտ լրացված են եղել ջերմաչափման և ախտահանման մատյանները, պահպանվել են սննդի կազմակերպման համար և ընդհանուր առմամբ անվտանգության հիմնական նորմերը։
📌ԱԱՏՄ-ն միաժամանակ իրազեկում է՝ Covid-անվտանգության ի՞նչ նորմեր են սահմանված հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի տնտեսավարողների համար.
✔️ Աշխատավայրում նվազագույնի է հասցվում առանձին հանքախորշերի աշխատողների միջև շփումը,
✔️ Կազմակերպության տնօրենը նշանակում է տարբեր գոտիների աշխատողների հետ անհրաժեշտության դեպքում կապ հաստատող աշխատողներ,
✔️ Հանքի տարածքում առանձնացվում են աշխատանքային գոտիներ տարբեր գործառույթներ իրականացնող աշխատողների համար՝ վարչական, լաբորատոր,
արտադրամաս, արհեստանոց, բացահանք, ստորգետնյա տարածք, սննդի ապահովման, ավտոպարկ,
✔️ Հագուստի՝ ոչ աշխատանքային և աշխատանքային պահպանման համար ապահովվում են հանդերձապահարաններ,
✔️ Հագուստը հանդերձապահարանում պահվում է մեկանգամյա օգտագործման կամ անձնական՝ անվանական պարկերի մեջ,
✔️ Հերթափոխային աշխատանքի դեպքում աշխատավայրում տարբեր հերթափոխերի աշխատողները չեն շփվում,
✔️ Յուրաքանչյուր հերթափոխից հետո կատարվում է տարածքի խոնավ մաքրում և ախտահանում,
✔️ Հանքի տարածքի աշխատանքային գոտիներում սնունդն ընդունելու վայրերում սահմանվում է աշխատողների առավելագույն թույլատրելի քանակ` մարդկանց միջև սոցիալական հեռավորության պահպանման նպատակով,
✔️ Ընդմիջմանը սնվելու համար նախատեսվում են առանձնացված տարածքներ, որոնք ապահովվում են հոսող ջրով և օճառով լվացվելու ու ձեռքերի ախտահանման հնարավորությամբ, որտեղ ևս պահպանվում է 1,5 մետր սոցիալական հեռավորությունը,
✔️ Կողմնակի անձանց մուտքը կազմակերպության տարածք արգելվում է: Անհրաժեշտության դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, բուժանձնակազմի և այլ անձանց մուտքը հնարավոր է միայն պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո,
✔️ Կազմակերպության տարածքում, ինչպես նաև մուտքի/ելքի մոտ մարդկանց կուտակումներ արգելվում է,
✔️ Աշխատանքային օրվա ընթացքում առնվազն երկու անգամ՝ աշխատանքներն սկսելուց առաջ և ընդմիջումից հետո կազմակերպվում է վարչական և արտադրական սենքերի խոնավ մաքրում և ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով։ Հարկ է ապահովել ախտահանիչների եւ դիմակների առկայությունը։