Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։
Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ Եթե դասական շախմատի արդյունքում հաղթողը պարզ չդառնա, կողմերը պայքարը շարունակելու են թայ-բրեյքում։
Դասական շախմատի պայքարում կողմերն իրավունք չեն ունենալու ոչ-ոքի գրանցել պարտիայում մինչև սև ֆիգուրներով խաղացողը չկատարի 40-րդ քայլը։ Նախքան 40-րդ քայլը ոչ-ոքիի պահանջը թույլատրվում է նույն դիրքի երեք անգամ կրկնության կամ «պատի» դեպքում։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է։ Յուրաքանչյուր հաղթած պարտիայի համար շախմատիստները վաստակելու են 200 հազար դոլար։ Եթե աշխարհի թագի ճակատագիրը որոշվի թայ-բրեյքում, հաղթողը կստանա 1,3 միլիոն դոլար, իսկ պարտվողը` 1,2։