«Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքից ոչ մի հեկտար հող ոչ մեկին չի անցել»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե գյուղի որոշ հողատարածքներ անցել են թշնամուն.

Ինչ վերաբերում է Դավիթ Բեկ բնակավայրի վարչական ղեկավարի՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնած այն տեղեկությանը, թե 300 հեկտար անցել է թշնամուն, մարզպետի տեղակալը պարզաբանեց. «Վարչական ղեկավարը նկատի է ունեցել, որ նշված 300 հեկտար հողատարածքները մինչեւ վերջերս մշակում էին Դավիթ Բեկ բնակավայրի գյուղացիները, բայց տարածքը գտնվել է Կուբաթլուի տարածքում, պարզապես գյուղի բնակիչներն են տարիներ շարունակ մշակել։ Հիմա փաստացի այլեւս անհնար է մշակել մեր կողմից: Վարչական ղեկավարը դա է նկատի ունեցել, եւ փաստ է, որ Դավիթ Բեկի վարչական տարածքից ոչ մի հեկտար հողակտոր չի պակասել ու չի կարող պակասել»:

Նշված 300 հեկտար հողամասերի մի մասը վարելահողեր են եղել, մի մասը՝ խոտհարքներ, այսօր արդեն, երբ նշված տարածքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, գյուղացիները խնդրի առաջ են կանգնել: Նմանատիպ խնդրի են բախվել մի քանի այլ համայնքների բնակիչներ եւս. «Բոլոր տեղերում էլ խնդիրները նույնն են. անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող մարդկանց մեծ մասը օգտվել է այդ հողերից: Այս փուլում այդ մարդկանց համար խնդիրներ են առաջացել, քանի որ մարդիկ նախապես պլանավորել են իրենց խոտհարքներն ու վարելահողերը: Խնդիրը հիմա դրա է հետ կապված, ու մենք հիմա պետք է հասկանանք, թե այդ բնակիչներին որտեղ ենք հող տրամադրելու, որ այս բացը լրացնեն»:

Մարզպետի տեղակալը մեկ անգամ եւս վստահեցրեց՝ Սյունիքի վարչական տարածքներից ոչ մի հեկտար եւ որեւէ հողակտոր չկա, որ մնացել է հակառակորդի մոտ, կամ նրանք առաջ են եկել:

27 Նոյեմբեր, 2020 19:19
325