Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գյումրիում նախնական ընտրությունների վերաբերյալ ասուլիսում ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտնեց, որ «Անկախ դիտորդ» ՀԿ-ն դիտարկում է ընտրությունների ընթացքը։
«Պետք է ասեմ, որ ընդհանուր պրոցեսը շատ սահուն է ընթանում։ 1-2 աննշան միջադեպեր են տեղի ունեցել։ Փորձել են խուլիգանական դրսևորումներով խոչընդոտել, եթե չեմ սխալվում՝ իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են»,- ասաց նա։ Ալեքսանյանը նշեց, որ շրջիկ խմբերը հագեցած են տեսախցիկներով եւ ամբողջ գործընթացը պահպանվելու է։
«Մենք խնդիր չունենք զարտուղի ճանապարհներով շարժվելու։ Մեր նպատակը հետեւյալն է՝ ընտրությունը տանել գյումրեցիների տներ եւ հարցնել նրանց կարծիքը ու տեսնել, թե ում են ուզում տեսնել թեկուզ ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանն ընդգծեց, որ ընտրության ընթացքում քաղաքացիներից անձնագրեր չեն ուզում եւ հավատում են, որ Գյումրիում են հաշվառված։ Ալեքսանյանը հավելեց՝ պատկերը մաքսիմալ ներկայացուցչական կլինի. «Նախնական ընտրությունների արդյունքները մեր տպավորությամբ հստակ է, որ կարտահայտեն գյումրեցիների կամքը։
Նա նշեց, որ երեկ՝ ընտրության առաջին օրը, եղել է 313 քվեարկություն, պատվիրվել է 2500 քվեաթերթիկ։ Ինչ վերաբերում է քննադատություններին, որ պաշտոնակատարը կարող է վարչական ռեսուրս չարաշահել, Ալեքսանյանն ասաց. «Ամեն մեկը մտածում է իր փչացվածության աստիճանի համապատասխան։ Ովքեր որ վարչական ռեսուրսի մոլի երկրպագուներ են՝ մտածում են, թե մյուսներն էլ պետք է այդպես առաջնորդվեն»։