Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով որոշել ենք այլևս չհրապարակել այն ընկերությունների ցանկը, որտեղ գնալու ենք ստուգումներ իրականացնելու, քանի որ ում անունը չէր հրապարակվում, իրենք ավելի հանգիստ էին իրենց զգում՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանն ասաց, որ շրջանառության հարկ վճարողները հիմա փաստաթղթավորման պահանջ չունեն, բայց 2025 թվականից կունենան նաև փաստաթղթավորման պահանջ։ «Այսինքն՝ եթե ՊԵԿ-ը որևէ տեղ ստուգում իրականացնի և առանց փաստաթղթի ապրանք հայտնաբերի, դրա համար հավելյալ 20 տոկոս հարկ պետք է վճարի տնտեսվարողը:
Նախարարը նկատեց, որ տարբեր գործողություններով փորձում են ստվերի դեմ պայքարն արդյունավետ դարձնել, չնայած որ ստվերային դաշտում գործելն ավելի ռիսկային և ծախսատար է:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է թերակատարվել 2024 թվականի բյուջեն, նախարարն ասաց. «Բյուջեն կատարվել է ավելի փոքր տոկոսով, թեև նոմինալ առումով ավելի բարձր ցուցանիշներ ունենք: Սա պայմանավորված է մեր հարկային եկամուտների՝ պլանավորվածից ավելի ցածր մակարդակով, որը 2024-ին կլինի մոտ 200 մլրդով ավելի ցածր, քան պլանավորված էր»,- ասաց նախարարը:
Ըստ նախարարի՝ կառավարությունն այս առումով փորձել է զսպել ծախսերի կատարումը, որ հավելյալ խնդիրներ չառաջանան. «Այսինքն՝ ծախսերի թերակատարումը, որը մեծամասամբ ընթացիկ ծախսերի ուղղությամբ էր, պայմանավորված է նրանով, որ, եթե նախկինում մենք վերաբաշխումներ էինք իրականացնում և որոշակի միջոցներ ուղղում էինք այլ կարևոր գործողություններ իրականացնելուն, եկամուտների ցածր մակարդակի պատճառով այս գործողությունը թույլ չենք տվել իրականանա, որ մեր կայունության հետ կապված որևէ հարց չառաջանա: Ծախսերի թերակատարումը մասամբ նաև սրանով է պայմանավորված»: