Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել է Արցախի ներկայիս իրավիճակին եւ տարածաշրջանային զարգացումներին։ Նախարար Այվազյանն իր զրուցակցին ներկայացրել է օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ դրա հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է տեղահանված արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու համար պայմանների ստեղծման եւ ապահովմանն ուղղված քայլերում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածության կարեւորությունը:

Նախարար Այվազյանն ընդգծել է արցախահայության իրավունքների վերականգնման եւ հասցեագրման առաջնահերթությունը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման միջոցով:

Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո Հարավային Կովկասում կայունության վերականգնմանն ու պահպանմանը: Այս առիթով ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար:

54