
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերջին շաբաթում (30.12-05.01.2025թ.) Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն:
Այս ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններին սուր շնչառական վարակներով դիմել է 2758 պացիենտ, ինչը նախորդ շաբաթվա 5146 դեպքերի համեմատ նվազել է 1.8 անգամ։ Եթե համեմատենք 2024 թվականի նույն ժամանակահատվածի 4682 դեպքերի հետ, ապա նվազել է 1.6 անգամ։
Ընդհանուր դեպքերի 85%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում։
Araratnews-ի հետ զրույցում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Շուշանիկ Կարապետյանը նշեց, որ վիրուսները սեզոնային են. «Գրիպ Ա-ի դեպքում շատ հաճախ հանդիպում են բարդություններ թոքաբորբի տեսքով: Այս պահին ունենք հիվանդանոցային դեպքերի աճ, գրիպը և թոքաբորբը բականին տարածված են»:
Վերջին շաբաթում թոքաբորբով դիմել է 267 պացիենտ, նախորդ շաբաթվա՝ թվով 663 դեպքերի համեմատ հիվադացությունը նվազել է 2․4 անգամ:
Նշենք, որ Չինաստանում վերջին շրջանում մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սկսել է արագ տարածվել: Սա սուր շնչառական վարակ է, որը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, իսկ ավելի հազվադեպ՝ կենցաղային իրերի միջոցով:
Հայաստանում, համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տրամադրած տվյալների, 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք: 2024 թ. հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։
Հարկ է նշել նաև, որ HMPV-ն կարող է առաջացնել ինչպես վերին, այնպես էլ ստորին շնչուղիների վարակ բոլոր տարիքային խմբերում, սակայն առավել խոցելի են երեխաները, տարեցները և թուլացած իմունային համակարգ ունեցողները: Վարակի ինկուբացիոն շրջանը (այսինքն՝ վարակվելուց մինչև ախտանշանների ի հայտ գալը) 3-5 օր է: Ընդհանուր ախտանշանները ներառում են հազ, ջերմություն, քթից արտադրություն, շնչառության դժվարացում:
Առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել հիգիենայի կանոնները և նշում, թե ինչպես կարող են կանխարգելել վիրուսը:
Պատրաստեց՝ Սիլվի Պետրոսյանը