Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեր իշխանությունները, նաև 2020 թվականի պատերազմից հետո, մեր գնահատմամբ իրատեսական բոլոր հնարավոր ջանքերը գործադրեցինք, որ ԼՂ հայությունը կարողանար շարունակել ապրել ԼՂ-ում և օժտված լինել որոշակի իրավունքներով: Այս մասին այսօր 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«ԼՂ-ում ապրելու մասին մենք խոսում էինք այն ժամանակ, երբ ԼՂ-ում հայեր ապրում էին: ԼՂ վերադարձը դարձել է շուտասելուկի նման մի բան, որը երբեմն քաղաքական այս կամ այն ուժի ներկայացուցիչները կրկնում են, ԼՂ հայերի վերադարձ, ուր, ինչ պայմաններով, կարո՞ղ եք ասել, որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կա այդ հնարավորությունը, Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու հնարավորություն ունեն, կա այդ հնարավորությունը»,- ասաց նա:
Միրզոյանը նշեց, որ կառավարության քաղաքականությունն է այնպես անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարողանան հոգալ իրենց բոլոր առաջին անհրաժեշտության կարիքները. «Կարճաժամկետ դա տեղի ունեցել է, այժմ փուլն է օգնել նրանց հոգալ միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները: Այդ թվում բնակարանային ապահովումը, այդ թվում զբաղվածություն և այլն: Մենք կանենք մեզնից հասնող ամեն ինչ, որ այդ մարդիկ այստեղ՝ ՀՀ-ում իրենց լիարժեք ինտեգրված զգան և ապրեն, արարեն, և օգտվեն բոլոր իրավունքներից»: