Դեկտեմբերի 1-ին, մեկնարկել է Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրը։ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Ա․ Միքայելյանն այցելել է Արագածոտնի մարզի թիվ 3 դպրոց և հանդիպել դպրոցի աշակերտներին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը:

«Դասախոսությունների շարքը, որը սովորաբար տևում է մոտ մեկ ամիս, իրականացվում է հայ աստղագետների կողմից, որոնք  ՀՀ մարզերի դպրոցներում հանդես կգան հետաքրքիր և բովանդակալից ելույթներով: Այս տարի ելնելով համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից՝ որոշ դպրոցների հետ հանդիպումները կանցկացվեն առցանց տարբերակով։

Նշենք, որ դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրն իրականացվում է 2012թ-ից ի վեր։ Դրա նպատակներից մեկը դպրոցներում օժտված և աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտներին հայտնաբերելն ու նրանց հետ հետագա կապ պահպանելը և նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելն է: Այցելությունների ժամանակ աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվում են աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ և այլն:

Ծրագիրը ֆինանսավորում է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ)»,-ասված է մամուլի հաղորդագրությունում։

1757