Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2024 թվականին 58,5 մլրդ դրամի աջակցություն ենք տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նախարարը  հավելեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված 3 ծրագրերի մասով՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 89 մլրդ 370 մլն դրամ:

«Պետք է ուրախությամբ փաստեմ, որ տարեվերջին ակտիվություն սկսվեց բնակապահովության ծրագրի շուրջ, և 440 ընտանիք արդեն իսկ ստացել է հավաստագիր, որով մեր հայրենակիցները կարող են սկսել իրենց տների կառուցումը, բնակարանների ձեռքբերումը»,- ասաց Մկրտչյանը:

Նախարարը նաև նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024-ին ևս մեկ կարևոր ծրագրի անխափան ընթացք ապահովվեց՝ սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու ծրագիրը:

«Երբ ծրագիրը մեկնարկել էր, առաջ չէր գնում, լավարկումների լուսաբանումների արդյունքում շատ մեծ թափ ստացավ, և այս պահի դրությամբ մենք ունենք, ըստ էության, 2000 բնակարաններ, որոնք կառուցապատման տարբեր փուլերում են: Կան արդեն իսկ ավարտական ակտեր, և սա շարունակում է մնալ բավականին պահանջված: Մենք որոշակի դադար վերցրինք, որպեսզի ուսումնասիրենք, բայց այս տարի՝ տարեվերջին, կրկին շահառուների որոշ խմբի համար ծրագիրը վերաբացեցինք: Խոսքը մասնավորապես Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար համայնքների մասին է, որտեղ նաև աջակցության ծրագիրը՝ 16 միլիոնը, դարձրինք 21 մլն, և Վայոց Ձորի մարզի Գոմք բնակավայրի համար առանձին քվոտա սահմանեցինք»,- ասաց նախարարը: 

Մկրտչյանը նշեց, որ առաջիկայում ավելի թիրախային է դառնալու ծրագիրը, այսինքն՝ պարտադիր չէ, որ Կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ գյուղերի տրամաբանություն լինի, այլ պետք է գնահատել կարիքները՝ ժողովրդագրական իրավիճակից ելնելով:

295