Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականից բոլոր գրանցված աշխատողները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները: Այն կատարվելու է տարին մեկ անգամ, իսկ 2024-ի հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը մինչև այս տարվա մայիսի 1-ն է։

Հայտարարագրումը տեղի է ունենալու բացառապես էլեկտրոնային եղանակով:

 

Անձը հայտարարագիր պետք է ներկայացնի, եթե՝ 

 

  • 2024 թվականի ընթացքում համարվել է վարձու աշխատող,
  • 2024 թվականի ընթացքում ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ, 
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և/կամ հանրային պաշտոն, 
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է 2023 թ.ի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից,
  • 2024 թվականի  ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու,
  • 2024 թվականի ընթացքում ստացել է 20 մլն դրամի չափով կամ ավելի փոխառություն, որը չի վերաբերում բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերին, այլ պարտքով է,
  • 2023 թվականի համար հանդիսացել է Հաշվարկ (Հայտարարագիր) ներկայացնող:

 

Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք կունենան նաև եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք: Սոցիալական ծախս է համարվում՝ Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումը և Հայաստանում իրականացվող կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։

 

Հայտարարագիր ներկայացնող անձը կարող է օգտվել փոխհատուցումից ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։

Ընտանիքի անդամներն են՝ ֆիզիկական անձի ամուսինը, ծնողներն ու զավակները։

Ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ:

 

Հաջորդ տարվանից հայտարարագիր կներկայացնեն ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, անկախ նրանից՝ գրանցված աշխատող են, թե ոչ։

 

Հայտարագիր չներկայացնելու դեպքում տուգանքի չափը 5000 դրամ է, իսկ տուգանվելուց հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում տուգանքի չափը կկրկնապատկվի։

 

Համակարգի ներդրմամբ հարկման դրույքաչափերի կամ հարկվող եկամուտների տեսակների մեջ որևէ փոփոխություն չի կատարվում և ներկայացվում են  բացառապես եկամուտները, այսինքն՝ գույք և ունեցվածք չի գրվում:

 

Հայտարարագրման նպատակը՝ ֆիզիկական անձանց եկամուտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն հավաքագրելն է, որպեսզի հետագայում այն օգտագործվի պետական և սոցիալական ծրագրերի թիրախայնությունն ապահովելու նպատակով:

 

Եթե ՀՀ քաղաքացին ստանում է տարբեր տեսակի եկամուտներ, դեռևս փաստ չէ, որ դրանք հարկման ենթակա են, քանի որ եկամտային հարկերի տեսակներ կան, որոնք ազատված են հարկերից:

 

Այսպես.

 

Եթե թոշակառուի միակ եկամուտը իր թոշակն է, համակարգն ավտոմատ կերպով կլրացնի այն, իսկ, եթե ունի անշարժ գույք, որը վարձակալությամբ է տրամադրում և եկամուտ է ստանում, արդեն պետք է հայտարարագրի:

 

Գյուղացիները, որոնք ունեն որոշակի արտադրանք և եկամուտ, նույնպես ներկայացնելու են հայտարարագիր, բայց դա չի նշանակում, որ իրենք հարկվելու են:

 

Հողամասը ֆիզիկական անձին վաճառելու դեպքում պետք չէ հարկեր վճարել, սակայն հայտարարագրում լրացնելը պարտադիր է:

 

Եթե քաղաքացին վարձակալությամբ բնակարան է տվել իրավաբանական անձի, ապա այս դեպքում պետք է հարկ վճարի:

 

Եվ եթե ֆիզիկական անձը աշխատում է արտասահմանյան կազմակերպության հետ և գումար է ստանում բանկային հաշվին, այս դեպքում նույնպես հարկվում են եկամուտները:

 

Բանկում ավանդ ներդնելու դեպքում քաղաքացին պարտավոր է ստացված եկամտի մասին հայտարարագիր լրացնի, քաղաքացու ստացած տոկոսային եկամուտների մասին տեղեկությունը փոխանցվում է  հարկային մարմնին:

 

Կարևոր է, որ քաղաքացիները համակարգին վերաբերվեն որպես հարկեր վճարելու պարտավորությունը հեշտացնելու տեսանկյունից ներդրվող համակարգ:

 

228