ԱՄՆ-ը պետք է օգնություն տրամադրի Լեռնային Ղարաբաղին, որը տուժել է հումանիտար ճգնաժամից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համատեղ հայտարարությամբ նման կարծիք են հայտնել ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Ռոբ Փորթմանը: Նրանք կոչ են արել ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատի հատկացումների հանձնաժողովին ֆինանսավորում տրամադրել` 2021 թվականի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծի շրջանակում՝ կարգավորելու Հարավային Կովկասում շարունակվող մարդասիրական ճգնաժամը:

 

Մենենդեսն ու Փորթմանն ընդգծել են ճգնաժամի սրությունը և ամերիկյան օգնության կարևորությունը: «Հարավային Կովկասում հումանիտար իրավիճակն ահավոր է և ձմռան մոտենալուն պես ավելի կվատանա»,-նշել են սենատորները: Որպես օրինակ նրանք ներկայացրել են կորոնավիրուսի տարածումը, ինչպես նաև «Թուրքիայի կողմից աջակցություն ստացած՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կոնֆլիկտը, որը երկարաժամկետ վնաս է հասցրել տարածաշրջանի ենթակառուցվածքին և հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության կեսից ավելիի տեղահանությանը, այդ թվում 90 տոկոս կանանց և երեխաների»,- ասված է հաղորդագրությունում: Սենատորները նշել են, որ ռազմական գործողությունները միգուցե դադարեցվել են, սակայն հասցված վնասը շարունակում է հանգեցնել մահվան, միջազգային հանրության վճռական գործողությունների բացակայության պայմաններում: 

 

Նշվում է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի իր վաղեմի ավանդույթը՝ տրամադրելով հումանիտար օգնություն նրանց, որոնք ավելի շատ դրա կարիքն ունեն, մասնավորապես, հազարավոր էթնիկ հայերին, որոնք ստիպված լքել են իրենց տները կամ այլ կերպ տուժել են բռնություններից:

02 Դեկտեմբեր, 2020 10:53
71
; ;