Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բաքվում ազատությունից զրկված էթնիկ հայերին վերաբերելի բոլոր գործընթացները տեղի են ունենում միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Անահիտ Մանասյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ անգամ մինչև ազատությունից զրկելը Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով այդ մարդկանց արդեն իսկ պիտակավորում էին որպես «հանցագործ»: Ավելին, ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում շարունակում են լայնորեն տարածել նշված անձանց ուղղված ատելություն ու թշնամանք պարունակող վիրավորանքներ, հայերին սպանելու, բռնության կոչեր և հայերի նկատմամբ խորքային ատելություն:
«Ակնհայտ է, որ պետության կողմից հովանավորվող էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Բաքվում ընթացող այսպես կոչված «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին և չեն կարող դիտարկվել որպես արդար և անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող»,– գրել է պաշտպանը։
Նա հավելել է նաև, որ քրեական հետապնդման ներքո գտնվող էթնիկ հայերը զրկված են արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատավարական երաշխիքներից, այդ թվում՝ իրենց ընտրած պաշտպանի միջոցով արդյունավետ պաշտպանության և համապատասխան երաշխիքների առկայությամբ թարգմանչի օգնությունը ստանալու իրավունքներից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները, այդ թվում՝ միջազգային կառույցները, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։