Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության մակարդակի շարունակական մեծացումը՝ պետք է ասեմ, որ այստեղ լուրջ հաջողություններ ունենք մասնավորապես 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքում- կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Անդրեասյանը նշեց, որ իրականացվող աշխատանքների արդյունքում մեծացել է սովորողների թիվը։ Ներկա պահին 82 հազար 3-5 տարեկան երեխաներ ընդգրկված են նախադպրոցական հաստատություններում, որը կազմում է տվյալ տարիքային խմբի 75 տոկոսը, որը 2 տարվա ընթացքում 12 տոկոսով աճել է։

«Ամենախնդրահարույցը դա մսուրի ծառայությունների հասանելիությունն է, ներկայումս մսուրի ծառայությունները  կազմակերպվում  են շատ հատվածական, համայնքային և պետական հաստատություններում հիմնականում 2 տարեկանից սկսած, այնինչ ակնհայտ է, որ ընդլայնման և տարիքային շեմի վերանայման կարիք կա։ Եվ որպեսզի խթանենք մսուրի ծառայությունը և ավելի ցածր տարիքային խմբի համար նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնենք, առաջարկում ենք մեկնարկել փորձնական ծրագիր, որով փոփոխություններ են արվում նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգում»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարը նշեց, առաջարկում են փորձնական ծրագիր՝ սահմանափակ թվով շահառուների` ընդամենը 10 խմբի համար: Նշված խմբերի ընտրությունը կատարվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման արդյունքում:

«Փորձնական ծրագրի համար կունենանք 4 հաստատություն Երևանում, որոնցից մեկում կսկսենք 6-12 ամսականների մեկ խմբի կրթության ծրագիրը։ Վանաձորում և Գյումրիում՝ 2-ական և Հրազդանում՝ մեկական հաստատություններ, որտեղ 1 տարեկանից սկսած երեխաները մսուրի ծառայության մեջ կնդգրկվեն»,- ասաց նա։

Փորձնական ծրագրի իրականացման համար կպահանջվի շուրջ 175 140 000 ՀՀ դրամ՝ պայմանավորված խմբերի և դրանցում ընդգրկվող սաների թվով:

600