Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ տարածվող տեղեկություններին, թե իբր ուղևորափոխադրումների համար բանկային քարտերից հավելյալ գումար է գանձվում:

«Հաճախ քաղաքացիներն օգտվում են, ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ միջոցների անբավարար լինելու, պարտք է ձևավորվում, հետագայում պարտքի գանձումն իրենց կողմից դիտարկվում է, որ մերժում տեղի ունեցավ, բայց գումարը գանձվեց: Այսինքն՝ քաղաքացիների տպավորությունն այն է, որ հավելյալ գումար է գանձվում, բայց իրականում լրիվ այլ գործընթաց է տեղի ունենում»,- պարզաբանեց Սուրեն Գրիգորյանը:

Քաղաքապետի տեղակալը նաև տեղեկացրեց, որ պատրաստակամ են ուսումնասիրել բոլոր խնդիրները, և եթե կարձանագրվի, որ ինչ-որ տեխնիկական խնդրի պատճառով սխալ է տեղի ունեցել, անպայման կուսումնասիրվեն դեպքերը, հաստատվելու դեպքում՝ վնասները կփոխհատուցվեն։

Քաղաքապետի տեղակալը, դիմելով քաղաքացիներին, ասաց. «Եթե շարունակում են պնդել, որ իրենց մոտ նման դեպք է տեղի ունեցել, մենք ցանկացած այդպիսի դեպքի հետևից գնալու ենք, ուսումնասիրենք, հասկանանք և պատշաճ արձանագրենք: Բայց այս պահին այդ հայտարարությունները հաստատող դեպք չենք արձանագրել»:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս արձագանքեց, որ խոսքն այն մասին է, որ քաղաքացին բանկային քարտով վճարում է կատարել տրանսպորտում, և, ամենայն հավանականությամբ, հաշվին գումար չի եղել, բայց մի քանի օր հետո համակարգն այդ գումարը քաշել է քարտից, ասենք՝ 3 օր հետո, և տպավորություն է ստեղծվել, որ հավելյալ գումար է քաշել քարտից:

218