Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի պահանջով, ըստ որի՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալների հիման վրա Միասնական սոցիալական ծառայության կողմից ապահովվելու է մայրության նպաստի նշանակումն ու վճարումը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվելու դեպքում կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացն ու կապահովվի հասցեականությունը. էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա նպաստը կնշանակի եւ կվճարի Միասնական սոցիալական ծառայությունը:
Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ հնարավորություն է տրվում չաշխատող անձին մայրության նպաստի համար անհրաժեշտ տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացն իրականացնել առանց քաղաքացու կողմից տարածքային կենտրոն ներկայանալու եւ փաստաթղթեր ներկայացնելու:
Մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ Դավիթ Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Հիմնական զեկուցողը, անդրադառնալով օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածին, համոզմունք է հայտնել, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը կապահովվի թվային համակարգը, որն ամբողջությամբ թույլ կտա հարցերը կարգավորել էլեկտրոնային եղանակով: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ընդգծել է նախագծի ընդունման կարեւորությունը՝ առաջարկելով կողմ քվեարկել:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: