Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2024-ին մոտ 59 հազար քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր: Այս տարի արդեն՝ 4451 քաղաքացի: Սոցիալական կրեդիտներ կամ սոցիալական ծախս՝ կրթության ու առողջապահության գծով, մասնավորապես ստացել է 3732 քաղաքացի անցած տարի, այս տարի արդեն՝ 825 քաղաքացի: Այդ մասին Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Ինչ վերաբերում է գումարներին, ապա անցած տարի՝ 340 մլն, այս տարի մոտ 79 մլն հետ են ստացել մեր սիրելի հայրենակիցները»,- ասաց Հակոբյանը:

ՊԵԿ նախագահը նկատեց՝ հարթակը լավն է վարձակալությամբ բնակարան տվողների վճարները հայտարարագրելու տեսանկյունից, ապա ներկայացրեց անցած տարվա վիճակագրությունը՝ նկատելով, որ էական հայտարարագրումներ կան:

«Մինչև 60 մլն վարձավճար ստացողները՝ 5530 անձ, հայտարարագրել են, 60-ից ավելին՝ 97 անձ»,- ասաց նա և պարզաբանեց, որ խոսքն ինքնուրույն հարկ վճարողների մասին է, այսինքն՝ երբ մարդն է վարձակալությամբ տվել բնակարան և հայտարարագրել եկամուտը, թեև կան նաև կազմակերպության միջոցով բնակարան վարձակալությամբ տվողներ, երբ կազմակերպությունը վարձով է տալիս կամ կազմակերպությանն են վարձով տալիս բնակարանը»,- ասաց նա:

 ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ դա համարվում է  շատ գովելի, և նշան է, որ հարթակը հնարավորություն է տալիս նույնիսկ մյուս եկամուտները տանել այդ  հարթակ և հանգիստ, առանց էական ժամանակ ծախսելու հայտարարագրել։

63