Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երբ քաղաքացին իր կամ իր երեխայի համար ատամնաբուժական ծառայություն է ստացել, եթե այդ ծառայությունը մինչև 50 հազար դրամ է, ապա ամբողջը համընդհանուր հայտարարագրման միջոցով հետ ստանալու հնարավորություն ունի: Եթե 100 հազար դրամ է ստացվել, էլի 50 հազար դրամ հետ ստանալու հնարավորություն ունի: Եթե 500 հազար դրամ կամ 1 մլն է ծախսել, էլի 50 հազար դրամ հետ ստանալու հնարավորություն ունի: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 13-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի ընդլայնման թեմային, մասնավորապես՝ ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսերի փոխհատուցմանը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հավելեց՝ ատամնաբուժական ծառայությունների մասով էլ գուցե ծառայությունների փաթեթ մշակվի, որը կխթանի ծրագրի մասով տեղեկատվությունը տարածելուն, որպեսզի հատկապես մարզերում մարդիկ իմանան, որ կա հնարավորություն՝ ատամնաբուժական ծառայության ծախսերը հետ ստանալու:
«Մենք աշխատելու ենք հիմա և՛ ապահովագրական ընկերությունների հետ, և՛ ատամնաբուժական կազմակերպությունների հետ, որպեսզի առաջարկը ձևավորված լինի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ատամնաբուժական կազմակերպությունները լիցենզավորված կազմակերպություններ են: