Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա են գտնվել նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանն, ինչպես նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն ու այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններն ու առաջնահերթություններն, առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը միտված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը:

Նախարար Հայրապետյանը ներկայացրել է նաև նախարարության կողմից իրականացված և նախատեսվող օրենսդրական բարեփոխումներն ու ծրագրերը, անդրադարձել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականցվող տարբեր ծրագրերին՝ մասնավորապես «Ինժեներական քաղաք» նախաձեռնությանն, ինչն ըստ նախարարի համագործակցության լավագույն օրինակներից մեկն է, և հույս հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն:

Ռոլանդ Փրայսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել է Համաշխարհային բանկի առանցքային ծրագրերը, մասնավորապես տարածաշրջանում իրականացվող նախագծերն ու նախանշվող ծրագրերն, այդ համատեքստում անդրադառնալով Հայաստանի՝ այդ ծրագրերում ներգրավվելու հնարավորություններին:

Քննարկման առանցքում են եղել նաև օրակարգային մի շարք հարցեր՝ դրանց թվում կիբեռանվտանգության, թվային նույնականացման, ամպային քաղաքականության և լայնաշերտ ինտերնետային կապի զարգացման ուղղություններով:

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա քայլերի և համատեղ ծրագրերի շուրջ՝ նպատակ ունենալով խորացնել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի և Համաշխարհային բանկի համագործակցությունը։

171