
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային (նստավայրը` Մոսկվա):
Շնորհավորելով Ալեխանդրո Արիաս Սարսուելային դեսպան նշանակվելու առթիվ` Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ վերջինիս մասնագիտական ունակությունները եւ գործունեությունը կնպաստեն Հայաստանի եւ Դոմինիկանայի միջեւ հարաբերությունների զարգացմանը:
«Հայաստանը շահագրգիռ է Դոմինիկանայի հետ բարեկամական ու փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, եւ դրանով է պայմանավորված, մասնավորապես, այն հանգամանքը, որ Կանադայում ՀՀ դեսպանը 2021 թվականից հավատարմագրված է նաեւ Դոմինիկանայի Հանրապետությունում»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
ԱԺ փոխխոսնակը ողջունել է Երեւանում 2022 թվականին Դոմինիկանայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը` որպես երկկողմ հարաբերությունների զարգացման կարեւոր քայլ: Հայաստանը եւս նախատեսում է Սանտա Դոմինգոյում ստեղծել պատվավոր հյուպատոսի գրասենյակ:
Ըստ Հակոբ Արշակյանի` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների 17 տարիների ընթացքում դեռեւս բարձր մակարդակի երկկողմ այցեր չեն եղել: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարեւորել է տարեցտարի առավել մեծ նշանակություն ունեցող միջխորհրդարանական համագործակցությունը:
Երկկողմ հարաբերություններում արժեւորելով իրավապայմանագրային հարցերը` Հակոբ Արշակյանը նշել է, որ հայկական կողմը սկսել է այդ ուղղությամբ աշխատանքը` ներկայացնելով երկու երկրների միջեւ առանց վիզային ռեժիմի համաձայնագրի նախագիծը, ինչը կնպաստի քաղաքացիների եւ գործարար համայնքների միջեւ սերտ շփումների խթանմանը:
ԱԺ փոխնախագահը խոսել է մի շարք ոլորտներում` կրթական, զբոսաշրջության, առեւտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունից:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը նշել է, որ ե’ւ Հայաստանը, ե’ւ Դոմինիկանան ժողովրդավար երկրներ են, միեւնույն արժեհամակարգի կրող, ունեն շատ ընդհանրություններ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը: Այս համատեքստում կողմերը բարեկամական խմբեր ստեղծելու հարցում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնել: Ալեխանդրո Արիաս Սարսուելան ընդգծել է, որ չնայած երկրների միջեւ մեծ հեռավորությանը` տարբեր բնագավառներում առկա է փոխգործակցության զարգացման ներուժ: