
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները հրավիրել էին համատեղ նիստ, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ին՝ Նաիրիի համայնքապետարանում: Նիստի օրակարգում «Նաիրիի համայնքապետարանի 2023 թվականի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության» վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկումն էր:
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով պալատի՝ հաշվեքննություններ անցկացնելու նպատակը, նշել է, որ դրանով նպաստում են հանրային կառավարմանը: Հաշվեքննություն իրականացնելու համար պալատն ունի օրենսդրական և մեթոդաբանական բավարար գործիքակազմ: Նա տեղեկացրել է, որ համայնքապետարանից ստացվել է հաշվեքննության համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:
Անդրադառնալով անհամաձայնություններին՝ մասնավորապես նշվել է, որ համայնքի՝ կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները չեն կազմվել «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
2023 թվականի ընթացքում համայնքային ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված ընթացիկ դրամաշնորհների տրամադրման պայմանագրերով հատկացումները համայնքապետարանի կողմից կատարվել և ծախսագրվել են առանց ծախսերը հիմնավորող սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի՝ հանձնման-ընդունման արձանագրություններ կազմելու, ինչպես նաև առանց դեբիտորական պարտք ճանաչելու և ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու: Նշված անհամապատասխանությունը հանգեցրել է ֆինանսական հաշվետվությունների ֆինանսական ցուցանիշների խեղաթյուրմանը:
Աղբահանության վճարների մասով սահմանված տույժերը համայնքապետարանի կողմից չեն հաշվարկվել և չեն գանձվել:
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով հաշվեքննության ընթացքում արձանագրվել է նաև, որ «Նաիրիի բարեկարգում և բնակֆոնդ» ՀՈԱԿ-ի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացված ավելացված արժեքի հարկի վերաբերյալ ամսական միասնական հաշվարկում ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գծով պարտավորություն չի հաշվարկվել և չի ներկայացվել:
Ըստ արձանագրության՝ համայնքապետարանում ներքին աուդիտի համակարգը 2023 թվականից չի գործել:
Հաշվեքննությամբ պարզվել է, որ համայնքապետարանի՝ 2023 թվականի կարիքների համար կնքված գնման պայմանագրերը, հանձնման-ընդունման արձանագրություններն ու հարկային հաշիվները հրապարակված չեն գնումերի էլեկտրոնային armeps.am համակարգում:
Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը և համայնքապետարանի այլ աշխատակիցներ պարզաբանումներ են ներկայացրել Հաշվեքննիչ պալատի ներկայացրած արձանագրությունների վերաբերյալ: Դրանց մեծ մասը, սակայն, լիարժեք չի եղել և չի գոհացրել պատգամավորներին:
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ պալատը ներկայացրել է խնդիրները շտկելու մի շարք առաջարկներ:
Նաիրի համայնքի ղեկավարը նշել է, որ ներկայացված բոլոր առաջարկներն ընդունել են ի գիտություն և աշխատում են դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի դիտարկմամբ՝ նշված խնդիրները կարող են լինել նաև այլ խոշորացված համայնքներում: Նա Նաիրի համայնքապետարանի ղեկավարությանը հորդորել է աշխատել արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ: Պատգամավորն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի կարծիքով՝ նմանօրինակ հանդիպումներն ու քննարկումները շատ արդյունավետ են: Նա լիահույս է, որ մյուս համայնքները, հետևելով այս քննարկմանը, աչալուրջ կլինեն իրենց խնդիրների լուծման ուղղությամբ: Վահե Ղալումյանի կարծիքով՝ վերոնշյալ խնդիրների առանցքում ներքին աուդիտի բացակայությունն է: