
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 20-ին Լոռու մարզում արտառոց դեպք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Վ․ Կ․-ն գտնվում է ծայրահեղ անխնամ վիճակում, տնային պայմանները խիստ անբավարար են, որը կարող է վտանգ սպառնալ երեխայի կյանքի և առողջության համար:
Տնայցի ժամանակ պարզվել է, որ անչափահաս երեխան գտնվում է անխնամ վիճակում, տանը բացակայում են կոմունալ բոլոր նվազագույն պայմանները, տունն ընդհանրապես ջեռուցված չի եղել:
Մանկաբույժը երեխայի ծնողներին՝ Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Անի Կ.-ին և ամուսնուն՝ 59-ամյա Վաչագան Զ.-ին, տեղեկացրել է, որ երեխային անհրաժեշտ է բուժհետազոտություն և բուժում, սակայն նրանք հրաժարվել են երեխային բուժզննման նպատակով հիվանդանոց տանելուց, որից հետո մանկաբույժի ուղեկցությամբ երեխան, առանց ծնողների, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ անչափահաս երեխայի մոտ ախտորոշվել է «երկկողմանի մանր օջախային թոքաբորբ, զույգ դաստակների և զույգ ոտնաթաթերի առաջին աստիճանի ցրտահարություն»:
Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին: