
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է խոսել Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների ոչ թե պարզապես խնդրահարույց լինելու, այլ մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով իրականացվելու մասին: Այս մասին civic.am-ի հարցմանն ի պատասխան ասաց ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը։
Վերջինս նշեց, որ սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման և խոշտանգման մասին․ «Իրավիճակի հետ կապված՝ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում իրականացվել են և շարունակվում են իրականացվել համապատասխան քայլեր ՄԻՊ լիազորությունների շրջանակներում:
Հաշվի առնելով հարցի զգայունությունը և Պաշտպանի աշխատակազմի՝ «չվնասելու սկզբունքով» աշխատելու կարևորությունը՝ վերոնշյալ գործընթացների վերաբերյալ այլ մանրամասները հրապարակայնորեն ներկայացնելն այս պահին նպատակահարմար չենք համարում։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ։
Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին»-նշեց Ասլանյանը: