Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չի կարելի Երևանից գալ, Գյումրին դարձնել քաղաքական թատերաբեմ, խառնել, հետ գալ: Նկատի ունեմ բոլոր այն ուժերին, որոնք Գյումրի մտել են քաղաքական նկատառումներով 2026 թվականի համար, ոչ թե Գյումրիում ընտրություններ կամ ՏԻՄ ընտրություններ կազմակերպելու համար: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

«Եթե նպատակը Գյումրին չէ, այլ նպատակը 2026 թվականի ԱԺ-ն է, ինձ համար դա շատ վատ է, որովհետև Գյումրին, գյումրեցին և Գյումրու քաղաքապետի պաշտոնը խաղաքարտ չէ հետագայում օգտագործելու համար, որովհետև այդ քաղաքում ապրելու են գյումրեցիները, շարունակելու են ապրել ու զարգանալ այդ քաղաքի բնակիչները: Դարձնել խաղաքարտ Գյումրին ու Գյումրու քաղաքապետի պաշտոնը հետագայում այլ դիվիդենտներ շահելու համար, ես՝ որպես գյումրեցի, ասում եմ՝ անթույլատրելի է»,- ասաց նա:

Դավիթ Առուշանյանը կարծում է՝ գյումրեցին իր խոսքը մարտի 30-ին ասելու է, և այդ խոսքը լինելու է կշռադատված:

«Գյումրին միշտ իր դիրքորոշումն է ունեցել, ու գյումրեցուն հնարավոր չի եղել թելադրել որևիցե մեկի կամքը նույնիսկ այն ժամանակահատվածներում, երբ ընտրությունները պլանավորված ու գծագրված էին: Առավել ևս հիմա, երբ այդ ընտրությունների ելքը կանխորոշված չէ, առավել ևս հիմա գյումրեցուն հնարավոր չէ ո՛չ խաբել, ո՛չ համոզել, ո՛չ էլ այլ եղանակներով ընտրության տանել:

Այնպես որ, գյումրեցին իր խոսքը մարտի 30-ին ասելու է, և այդ խոսքը լինելու է շատ կշռադատված»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման՝ Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։

240