
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց մեկ տարվա համար տրվող միավորների շեմը 9-ից դարձնել 13: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանը նշել է, որ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղևորափոխադրմամբ և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների առաջացմանը, սոցիալական բեռի ավելացմանը և քաղաքացիների արդարացի դժգոհությանը:
Ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2020 թվականից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը 14.365 վարորդի տուգանային միավորները լրանալու հիմքով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է, իսկ նույն տարում կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 628 անձ:
Նախատեսված փոփոխությունները նպատակ են հետապնդում թեթևացնելու վարորդների սոցիալական բեռը: Մի շարք իրավախախտումների համար նախատեսվում է տուգանային միավորների խստացում, որոնք բնութագրվում են մարգինալ վարքագծի շարժառիթներով և որոնց կատարումն ակնհայտորեն չունի սոցիալական համատեքստ, օրինակ՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, անվտանգության գոտիները չամրակապած վիճակում վարելը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար պատասխանատվության ենթարկվելուց հետո 1 տարվա ընթացքում նույն արարքը կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը և այլն:
Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով օրենքի նախագիծը մեծամասամբ վերաբերում է տաքսու վարորդներին, որոնք աշխատանքի բերումով օրվա մեծ մասն անցկացնում են մեքենայի ղեկին: Նա հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել օրինագծին:
Հարակից զեկուցող, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով Կառավարությունը ներկայացվող նախագծին դեմ չի և սկզբունքորեն առաջարկներ չունի: Գործադիրը, մասնավորապես, առաջարկում է օրենքի դրույթների համար նախատեսել մեկ միասնական ուժի մեջ մտնելու ժամկետ:
Պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ կան իրավախախտումներ, որոնց պարագայում նախատեսված տուգանքները պետք է խստացվեն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին և կից ներկայացված հարակից օրենքներին: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: