
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 18-ի N 137–Ա որոշման:
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Ավետիք Իսահակյանը, որը ևս հանձնաժողովի անդամ է:
Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների առաջարկները, որոնք պետք է ներկայացվեին մինչև 2025 թ. հունվարի 30-ը: ԿԳՄՍ նախարարություն ներկայացված 44 առաջարկից հանձնաժողովը պետք է ընտրի այն միջոցառումները, որոնք ընդգրկվելու են հոբելյանական ծրագրում:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հանձնաժողովի դերն ու գործունեությունը մեծանուն գրողի հոբելյանական տարվա միջոցառումները պատշաճորեն իրականացնելու տեսանկյունից:
«Կարծում եմ՝ պետք է որոշակի զգուշավորություն դրսևորենք ծրագրերն ընտրելիս, որպեսզի դրանք արժանի լինեն Վարպետի վաստակին: Պետք է գտնենք այն ճիշտ ձևաչափերն ու ճանապարհները, որոնցով ըստ արժանվույն կհանրահռչակենք ու կտարածենք Ավետիք Իսահակյանի ժառանգությունը»,- ասել է նախարարը:
Ներկայացված ծրագրերը դիտարկելու առումով Ժաննա Անդրեասյանն առաջարկել է առաջնորդվել մի քանի առանցքային սկզբունքով՝ հաշվի առնելով նախընթաց տարիների փորձը:
Նախարարը, մասնավորապես, մատնանշել է միջոցառումներն ընտրելիս կարևորել գիտակրթական բաղադրիչը, միջոցառումների ապակենտրոնացումը, դրանցում դպրոցների մասնակցության և նախաձեռնողականության խրախուսումը, միջոցառումների բազմազանության ապահովումը, արտերկրում Իսահակյանի ժառանգության ընդլայնված հանրահռչակումը:
Ըստ ներկայացված առաջարկների՝ հոբելյանական ծրագրի շրջանակում միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Միջոցառումները հիմնականում ներառում են գիտաժողովներ, հրատարակչական աշխատանքներ, ֆիլմաշարի ստեղծում, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ և այլն:
Նշվել է, որ առաջիկայում Հայաստանը մասնակցելու է Լայպցիգի գրքի միջազգային փառատոնին` հայկական տաղավարում առանձին հատվածով ներկայացնելով նաև Ավետիք Իսահակյանի գործերը: Կարևորվել է Գրքի երևանյան միջազգային փառատոնում ևս հոբելյանի շեշտադրումը:
Հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև հոբելյանի բրենդավորման, տարբեր գործընկերների հետ պատշաճ համագործակցության վերաբերյալ հարցեր: